Արևմուտքը խաղաղության պայմանագիր է փնտրում Երևանի և Բաքվի միջև, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի դեմ պայքարի ճակատ. Անդրեյ Սիդորչիկ

10 Փետրվարի 2025, 23:59

Քաղաքականություն

Ռուս լրագրող և քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, թե Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերի կնքմանը։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովվի՝ ելնելով Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլ ոչ թե արտաքին խաղացողներից։

«Ռուսաստանը գործում է իր շահերից ելնելով և հիանալի հասկանում է, որ այս դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը հետաքրքրում է ոչ այնքան հակամարտող կողմերին, որքան արտաքին խաղացողներին, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն է հետապնդում։ Ռուսաստանի համար կարևոր է, որ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովվի՝ ելնելով պետությունների (Հայաստան և Ադրբեջան), այլ ոչ թե արտաքին խաղացողների շահերից։

Արևմուտքը շտապում է, քանի որ փորձում է Հայաստանը օգտագործել որպես Ռուսաստանի դեմ պայքարի մեկ այլ ճակատ։ Այս ուղղությամբ ձեռքերն ամբողջությամբ բացելու համար Արևմուտքը պետք է լուծի առկա խնդիրները, որից հետո լրացուցիչ ճնշում կլինի Ռուսաստանի ներկայությունը այս տարածաշրջանում սահմանափակելու համար։

Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի շահերի միակ իրական պաշտպանը: Այն կուրսը, որը վարում է Փաշինյանը (ՀՀ վարչապետը) վերջին տարիներին, Հայաստանը դարձնում է հակառուսական քաղաքականության գործիք, և մենք շատ լավ տեսնում ենք, թե դա ինչպես է ավարտվում Ուկրաինայի օրինակով»,- ասել է Սիդորչիկը։

Ըստ փորձագետի՝ Երևանն արդեն անցել է Ռուսաստանի հետ հարաբերություններում անվերադարձ կետը:

«Երևանի իշխանությունները ակնհայտորեն հեռանում են Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններից և գնում են դեպի Արևմուտքի հետ համագործակցություն, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ցավոք սրտի, կարծում եմ, որ Երևանն այս շարժման մեջ արդեն անցել է անվերադարձ կետը։

Ուստի, չնայած ռուսական կողմի բոլոր մեկնաբանություններին, որոշում կկայացվի, որը հետագայում չափազանց բացասական ազդեցություն կունենա ինչպես Հայաստանի ապագայի, այնպես էլ Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքը չի դադարեցնի որևէ արտաքին սպառնալիք Երևանի դեմ»,- եզրափակել է Սիդորչիկը։

Հիմա եթերում