Հունգարիան նավթ և գազ է ներկրում Ռուսաստանից, և ինքն իրեն չի զրկի այդ հնարավորությունից. Հակոբյան
25 Փետրվարի 2025, 23:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձից հետո տրամագծորեն փոխվել է Ուկրաինայի հանդեպ քաղաքական վերաբերմունքը։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի տեսակետները կիսում են և՛ Հունգարիան, և՛ Սլովակիան։
Նման մոտեցման պատճառը հասկանալու համար Alpha News-ը զրուցել է Հունգարիայի ԱԺ-ի հայ համայնքի խոսնակ Նիկողոս Հակոբյանի հետ։
«Մինչ Դոնալդ Թրամփի ընտրվելն էլ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շատ լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Նա մի քանի անգամ ԱՄՆ-ում մասնակցել է Թրամփի նախնական քարոզարշավին։ Ուկրաինայի պատերազմի հետ կապված նրանց մոտեցումները համընկնում են։ Հունգարիան ի սկզբանե միակ երկիրն էր, որ չէր ցանկանում ֆինանսական և ռազմական որևէ օգնություն տրամադրել Ուկրաինային։ Պետք է նշել, որ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի նաև Ռուսաստանի հետ, նավթ և գազ է ներկրում ՌԴ-ից, և չի ցանկանում հարաբերությունները փչացնել վերջինիս հետ»,- ասել է Հակոբյանը։
Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրներին։
«Ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական առումով մեծ նշանակություն ունի Եվրոպական բոլոր երկրների վրա։ Գերմանիայի տնտեսությունը վերջին 100 տարիներին նման քաոսային վիճակում չի եղել։ Նույն վիճակում են նաև մյուս երկրները, քանի որ ողջ ֆինանսական աջակցությունը տրամադրել են Ուկրաինային։ Ռուսաստանի վրա կիրառված սանկցիաները ևս ազդել է այս իրավիճակի վրա։ Այսօր կան երկրներ, որ հասկանում են՝ Զելենսկին իրենցից ոչ թե աջակցություն է խնդրում, այլ պահանջում է»,- եզրափակել է Հակոբյանը։