Արտյոմ Օհանով. Աշխարհը նվաճած գիտնականը
03 Մարտի 2025, 23:42

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 3-ն աշխարհահռչակ քիմիկոս, ֆիզիկիոս, նյութագետ, բյուրեղագետ, Եվրոպական ակադեմիայի անդամ Արտյոմ Օհանովի ծննդյան օրն է։
Օհանովը ծնվել է 1975 թվականին Ուկրաինայում հայ-հրեական ընտանիքում։ Հայրը թբիլիսահայ է, նրա արմատները գալիս են Ղարաբաղից, իսկ մայրը հրեա է։
Վաղ մանկությունից նա ունեցել է մեծ երազանք՝ մեծանալ և դառնալ քիմիկոս, բացահայտել նոր տարրեր և կողք կողքի աշխատել մեծ գիտնականների հետ, այդ թվում՝ Յուրի Հովհաննիսյանի հետ։
«Կա մի դաս, որը սովորել եմ կյանքից. երազանքները միշտ իրականանում են: Ես ծանոթացա Հովհաննիսյանի և նրա թիմի հետ Հայաստանում, մենք իսկական ընկերներ դարձանք։ Ամբողջ մանկությունս երազել եմ դրա մասին»,- ասել է Օհանովը:
Մոսկվայում ոսկե մեդալով դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ Դժվարությունների շատ է հանդիպել․ ընտանիքի միջոցները սուղ էին և ստիպված էր համատեղել ուսումն աշխատանքի հետ, բայց Արտյոմը չէր ուզում փոխզիջումների գնալ։ Նրա երազանքն ավելի կարևոր էր, քան որևէ այլ բան, և նա շարունակում էր առաջ շարժվել: 1997 թվականին գերազանցությամբ ավարտել է համալսարանը՝ ստանալով «բյուրեղագետ և բյուրեղաքիմիա» մասնագիտություն։
Ընտրություն անելու ժամանակն էր, և նա որոշում է գնալ Լոնդոն։ 2002 թվականին ստանալով նախագահական դրամաշնորհ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն բյուրեղագիտության վերաբերյալ։
2007 թվականին Օհանովը ստացել է գիտությունների դոկտորի կոչում Ցյուրիխի պոլիտեխնիկական ինստիտուտում: 2010 թվականին, 34 տարեկանում, նա դարձել է Նյու Յորքի Սթոուն-Բրուք համալսարանի ամենաերիտասարդ պրոֆեսոր, ինչպես նաև Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։
Ըստ Forbes ամսագրի՝ 2011 թվականին Արտյոմն ընդգրկվել է 10 ամենահաջողակ ռուս գիտնականների ցանկում, որոնք աշխատում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ 2013-ին նա բացել և ղեկավարել է լաբորատորիաներ Ռուսաստանում և Չինաստանում, իսկ 2014-ին ընդգրկվել է 100 ամենաազդեցիկ ռուսների ցանկում՝ ըստ Russian Reporter և Expert ամսագրերի։ 2015 թվականին դարձել է Սկոլկովոյի գիտատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր և ընտրվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր։
Արտյոմ Օհանովը համաշխարհային մակարդակի գիտնական է և մոլորակի ամենապահանջված պրոֆեսորներից մեկը։ Նա դասախոսում է աշխարհի առաջատար համալսարաններում, շատ է ճանապարհորդում և տիրապետում է հինգ լեզուների: Forbes ամսագիրը Արտյոմ Օհանովին ներառել է «աշխարհը նվաճած 50 ռուսների» շարքում:
Հայաստանն առանձնահատուկ տեղ է գրավում գիտնականի կյանքում։
«Իմ հեռավոր նախնիների երկիրը: Մեր ընտանիքը Ղարաբաղից և Թբիլիսիից է, բայց մեր իսկական արմատները Հայաստանից են։ Եզակի պատմություն և ճարտարապետություն, որտեղ զգացվում է Ուրարտուի և Ասորեստանի ազդեցությունը։ Այնտեղ մարդիկ բարի են, իսկ ուտեստները՝ համեղ»,- ասել է նա։
Խոսելով իր ինքնության մասին՝ անկեղծորեն նշել է․
«Դու պետք է ընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Ես կիսով չափ հայ եմ, կիսով չափ հրեա, ծնվել եմ Ուկրաինայում, մեծացել Մոսկվայում։ Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ ես ռուսական մշակույթի կրող եմ, ունեմ հայի և հրեայի արյուն, ապա նա անպայման կստանա այն, ինչին արժանի է, քանի որ ես հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր ստորակետով»։
Այսօր Արտյոմ Օհանովը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, իսկ «Toyota», «Fujitsu» և «Intel» ընկերությունները նոր նյութերի մշակման ժամանակ օգտագործում են նրա մեթոդը։
Անցյալ տարի Արտյոմը դարձել է Լեոնիդ Պարֆյոնովի ականավոր ռուսների մասին վավերագրական ֆիլմի հերոսը, որը հասել է համաշխարհային ճանաչման իր մասնագիտության մեջ: