ԳԱԱ նախագահության շենքի հատակի մարմարներում հայտնաբերվել են հնագույն կենդանիների և բույսերի հետքեր

10 Մայիսի 2023, 18:35

Հայեր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում՝ հատակի, աստիճանների մարմարներում և մարմարացված կրաքարերում, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը հայտնաբերել է հնագույն կենդանիների և բույսերի հետքեր, հայտնում են ԳԱԱ-ից:

«Այդ ապարները՝ մարմարները, ըստ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պալեոնտոլոգիայի և շերտագրության բաժնի վարիչ Արայիկ Գրիգորյանի, Պալեոզոյան դարաշրջանի են, իսկ մարմարացված կրաքարերը՝ ուշ մեզոզոյան: Դրանք ունեն օվկիանոսային ծագում, հատակային նստվածքների քարացուկներ են։

Դրանցում պահպանվում են բրածո օրգանիզմների հետքեր, որոնք մահացել են, ընկել ծովի կամ օվկիանոսի հատակը, ժամանակի ընթացքում տվյալ նստվածքի հետ քարացել են և դարձել մի ընդհանրություն։

Այնուհետև, միլիոնավոր տարիների ընթացքում, դարձել են ապարներ, և կենդանու կամ բույսի հետքը մնացել է ապարի մեջ, որն էլ կտրելիս և հղկելիս, հայտնվում է սալիկի մակերեսին», — ասաց Իվան Գաբրիելյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի առաջին հարկի հատակը և աստիճանները երեսպատված են Խոր Վիրապի մարմարի պալեոզոյան դարաշրջանի Քարածխի (359-350 միլիոն տարի առաջ) հասակի տեղավայրերից արդյունահանված սև գույնի սալիկներով: Երկրորդ հարկի հատակը երեսպատված է Իջևանի մարմարացված կրաքարերով, որոնք առաջացել են Մեզոթետիս օվկիանոսի Մեզոզոյան դարաշրջանի կավճի հասակի (մոտ 80 մլն տարի առաջ) հատակային կրաքարերից:

«Երկրորդ հարկի հատակի մարմարացված կրաքարե սալիկներում պարունակվում են բելեմնիտների, ծովոզնիների, ծովաստղերի, երկփեղկանի ու փորոտանի փափկամարմինների, ծովաշուշանների և այլ օրգանիզմների դրոշմներ և քարացուկներ,- ասաց Իվան Գաբրիելյանը,- փորձելու ենք պարզել, թե ինչ մակերևույթ և կլիմայական պայմաններ են եղել այդ ժամանակ այս տարածքում, և օրգանիզմներն իրենց զարգացվածության որ մակարդակի վրա են եղել»։

Նա նշեց, որ այսօր հնէակենդանաբանությունը կարող է կլիմայի փոփոխության վերաբերյալ շատ հարցերի պատասխանել։ «Հնէակենդանաբանությունը հավերժական ուղղություն է, ինչքան հետազոտենք, այդքան շատ բան կգտնենք։ Այն, ինչ գտնում ենք ընդերքում, պետք է պահպանել և հետազոտել», — ասաց Իվան Գաբրիելյանը։

Այս հետազոտության գաղափարը ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանինն է:

Լուսանկարներն արվել են Մոնիկա Երիցյանի, Վիկտորյա Բուռնազյանի, Արայիկ Գրիգորյանի և Իվան Գաբրիելյանի կողմից:

Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի կողմից:

Աշխատանքների գիտական խորհրդատուն է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հնէաբանության և շերտագրության բաժնի վարիչ, ե-հ.գ.թ. Արայիկ Գրիգորյանը:

02Academi fossils-07April-2023 (221)-2-Jrimur.jpg (341 KB)
04 Academi fossils-07April-2023 Miaynak koral (13).jpg (309 KB)
05 Academi fossils-07April-2023 Miaynak koral (1).jpg (313 KB)
09. Academi fossils-07April-2023-Tsovavozni (4).jpg (298 KB)