Դպրոցում եմ աշխատում, երեխաներին կար ու ձև եմ սովորացնում. արցախցի դիզայներ-մոդելավորողը պատմում է մասնագիտության ու պատերազմի մասին

30 Հունիսի 2023, 21:55

Հայեր

Արցախի մայրաքաղաքի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտի շրջանավարտ դիզայներ-մոդելավորող Լիլիթ Գադյանը, որ 2020թ. պատերազմում կորցրել է հարազատ Ավետարանոց գյուղը, պատմել է մասնագիտության ու պատերազմի մասին: Լիլիթը նոր էր բուհն ավարտել, երբ սկսվեց պատերազմը:

«Բուհն Ավարտելուց հետո առաջարկ ստացա գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանից, ով մեզ «Արվեստի պատմություն» է դասավանդել: Սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ էր, նա ինձ զանգեց՝ հաջորդ երկուշաբթի աշխատանքի ներկայանալու։

Ուրախությունից ողջ գիշեր չկարողացա քնել։ Այն միտքը, որ գիտելիքներս պահանջված են և կարող եմ օգտագործել՝ ի շահ իմ երկրի, անչափ հուզում էր ինձ։ Առավոտյան պայթյուններից արթնացա։ Քանդվեցին պլաններս, շեղվեց իմ ու երկրիս կյանքի բնականոն հունը ։

Սկզբում թվում էր, թե պատերազմը շուտով, ինչպես 2016-ին, կավարտվի, խաղաղություն կհաստատվի, կյանքը կշարունակվի»,- «Արցախթերթ»-ի հետ զրույցում պատմել է Լիլիթ Գադյանը, որի կյանքում պատերազմը շատ բան է փոխել:

Երիտասարդ դիզայներ-մոդելավորողն ասում է՝ պատերազմից հետո իրեն վերագտնելու ճանապարհին է: Նյութականին կարեւորություն չի տալիս, տեսնելով, թե մարդիկ ինչեր են կորցրել: «Այդ ամենը ամենը չնչին բան է»։

«Մինչև պատերազմը շատ էի նկարում։ Ինքս ինձ ասում էի՝ երբեք չեմ դադարի նկարել, անգամ ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես դա պատահում էր համակուրսեցիներիս հետ։ Այդ նույնը ինձ հետ էլ կատարվեց։ Բոլոր նկարչական պարագաներս գյուղում մնացին: Այնտեղ էի սիրում բնությունը նկարել։

Պատերազմից, սթրեսային իրավիճակներից դուրս գալուց հետո չեմ կարողանում նորից վրձինը ձեռքս առնել։ Այո, հիմա աշխատում եմ։ Մինչև վերջին շրջափակումը աշխատում էի և՛ կարի արտադրամասում՝ որպես դիզայներ-մոդելավորող, և՛ արվեստի դպրոցում՝ որպես կիրառական արվեստի դասատու։

Հիմա միայն դպրոցում եմ աշխատում, երեխաներին կար ու ձևի, ասեղնագործության հիմունքներն եմ սովորեցնում»,-պատմում է Լիլիթը, որ արվեստի հետեւից է գնացել՝ երազանքին հասնելու: