Թրամփի այցից հետո վերջնական պայմանավորվածությունները կքննարկեն Պուտինն ու Սի Ծինփինը․ Սերգեյ Մարկելով

Քաղաքագետ Սերգեյ Մարկելովն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Չինաստան։

Նրա խոսքով՝ Չինաստանը ցույց է տվել, որ Դոնալդ Թրամփի այցը Պեկին արդյունք չի տվել։ Ըստ նրա՝ Պուտինի այցը Թրամփից հետո փոխում է աշխարհաքաղաքական դասավորության ընկալումը։

«Պուտինի այցն անհրաժեշտ է իրավիճակը հավասարակշռելու համար․ առաջինը՝ Սի Ծինփինի հետ Թրամփի հանդիպումից հետո, երկրորդ՝ ցույց տալու, որ հենց Ռուսաստանն է վերջնականապես հաստատում գլոբալ համաձայնագրերի նոր կոնֆիգուրացիան։ Կա մի հայտնի արտահայտություն, որ միշտ հիշվում է վերջինը՝ վերջին ասվածը, վերջին արվածը, վերջին այցը։ Եվ Պուտինի հայտնվելը Թրամփից անմիջապես հետո ակամայից ամբողջ աշխարհին և վերլուծաբաններին ստիպում է մտածել, որ եթե Պուտինը մեկնում է Թրամփից բառացիորեն երկու-երեք օր անց, նշանակում է՝ հենց Ռուսաստանն է վերջնական դերակատար լինելու նոր աշխարհակարգում։

Այսինքն՝ Թրամփը բացել է դուռը, իսկ Պուտինը այն փակելու է։ Այլ կերպ ասած՝ Սի Ծինփինը և Պուտինը գտնվում են ավելի շահավետ դիրքում, քանի որ այն ամենը, ինչ չի հաջողվել Թրամփի հետ, կարելի է շտկել և հասնել արդեն վերջնական պայմանավորվածությունների։

Սա շատ կարևոր է հոգեբանական տեսանկյունից։ Քաղաքականության մեջ դա մեծ նշանակություն ունի։ Այդ պատճառով թե՛ ամերիկյան էլիտաները, թե՛ լուրջ վերլուծաբանները, որոնք խորությամբ ուսումնասիրում են աշխարհաքաղաքական գործընթացները, հասկանում են, որ վերջնական պայմանավորվածությունները, այդ թվում՝ Թրամփի՝ Պեկին կատարած այցի արդյունքներով, կձևավորվեն արդեն Պուտինի և Սի Ծինփինի հանգիստ ու փակ բանակցությունների ընթացքում»,- եզրափակել է Մարկելովը։

Հիմա եթերում