Եթե ուզում ես խաղաղություն հաստատել, պետք է բանակ ունենաս. Բակուր Կարապետյան

30 Հունիսի 2023, 22:30

Քաղաքականություն

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը չի հավատում Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի հաստատմանը: Որ դա տեղի ունենա, պետք է ուժեղ բանակ ունենալ, իսկ մեր բանակն, ըստ նրա, քայքայված է:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նրանք պատերազմ են ուզում, բայց մենք մեր խաղաղության գաղափարախոսությամբ պետք է դուրս գանք իրենց դեմ: Չե՛ս կարող, եթե խաղաղություն ես ուզում հաստատել, պետք է բանակ ունենաս: Առանց դրա չի կարող լինել, չի՛ կարելի թշնամու ցանկությունը կատարել եւ բանակը ոչնչացնել» Alpha News-ի եթերում կարծիք է հայտնել Բակուր Կարապետյանը:

«Մենք ինչո՞ւ 44-օրյա պատերազմում դաժան պարտություն կրեցինք, որովհետեւ բանակի ոգին արդեն չկար, քայքայվել էր: Թշնամին 30 տարի դիվերսիոն խմբեր էր պատրաստում՝ Արցախից եւ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, որոնք տիրապետում էին մեր լեզվին, եւ ուղարկում էր Հայաստան, որոնք այստեղ ստանում էին տարբեր պաշտոններ, այսինքն՝ գործակալական ցանց էր գործում այստեղ:

Պատահական չէ, որ Թուրքիայի հետախուզության պետը հայտարարեց, որ ոչ թե բանակն է հաղթել պատերազմում, այլ՝ հետախուզությունը: Ես ժամանակին բացահայտել էի դա, դիմել էի Կառավարությանը, որ ոչնչացնեն այդ կետը, որը գործում էր Նախիջեւանի հյուսիսում ՝ Բիստ գյուղում, բայց հրաժարվեցին, ինձ մեղադրեցին, որ ես սխալ եմ»,- պատմել է նա:

«Ես դեռ երկու տարի առաջ հանրահավաքներից մեկի ժամանակ եմ պատմել, որ 30 տարիների ընթացքում հատուկ պատրաստություն տեսած 4000 մարդ է մտել Հայաստան: Այդ գործակալական ցանցը հիմնականում թուրքական էր, քան ադրբեջանական»,- ընդգծում է Կարապետյանը:

44-օրյա պատերազմի ժամանակ իրավապահ մարմիններից Բակուր Կարապետյանին զգուշացրել են, որ եթե գնա Արցախ, ապա ձերբակալվելու է: Նա համոզված է, որ իրեն չէին ուզում Արցախում տեսնել, որպեսզի չբարձրաձայներ պատերազմում տիրող իրական վիճակի մասին:

«Ես 90-ականների պատերազմի ժամանակ նյութեր էի գրում եւ մեր ժողովուրդը տեղյակ էր, թե իրականում ինչ է կատարվում: Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ստում էին, թե հաղթում ենք, որպեսզի ժողովուրդը ոչինչ չձեռնարկի: Սրանով էլ մեզ հարվածում էին, որը բերեց դաժան պարտության»,- եզրափակել է Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: