Ֆիլադելֆիայի հայ ուսուցիչները հայոց լեզվի առցանց վերապատրաստում են անցել
02 Հուլիսի 2023, 16:40
Ֆիլադելֆիայի հայ ուսուցիչները հայոց լեզվի առցանց վերապատրաստում են անցել։ Շուրջ երեք տարի է, ինչ Ազգային վարժարանների հայ ուսուցիչները հնարավորություն են ստանում հետևելու հայերենը ուսուցանելու առցանց դասընթացին, որտեղ ներկայացվում է լեզվի ուսուցման նորարարական մեթոդաբանությունը:
asbarez.am-ի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվում է Արեւելյան Ամերիկայի Հայոց թեմի ուսումնական խորհրդի գործադիր տնօրեն Մարի Կյուլումյանի եւ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հայկական ծրագրերի պատասխանատու Անի Կարմիրյանի ջանքերով:
Ազգային վարժարանների խնամակալ մարմինը, եւ հատկապես նրա ատենապետ Սարգիս Ուրֆալյանը, գնահատելով ուսուցիչների հետեւողական աշխատանքը եւ հայերենը նորարարական մեթոդներով դասավանդելու իրենց լուրջ ջանքերը, որոշել են հովանավորել ուսուցիչների մասնակցությունը այս ծրագրին:
Խնամակալ մարմինը հայտնում է՝ մշտապես կանգնած է հայ ուսուցչի կողքին, քանի որ հավատացած է, որ Ազգային վարժարանի կարեւորագույն նպատակն է ունենալ որակյալ, այժմէական եւ նորարարական մեթոդներից չխուսափող հայ ուսուցիչ: