«Գրքասեր» կայքը հնարավորություն է տալիս պահպանել բանավոր հայերենը Սփյուռքում. Տիգրան Ազիզբեկյան
15 Մայիսի 2025, 22:30
Շուրջ տասը տարի առաջ ստեղծված «Գրքասեր» հարթակը հնարավորություն է տալիս լսել աուդիոգրքեր հայերենով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում նշել է «Գրքասեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ազիզբեկյանը՝ մանրամասներ հայտնելով կայքի գործունեությունից:
««Գրքասեր»-ը վեբ-կայք է, որը տալիս է հնարավորություն ազատ ներբեռնելու, օնլայն լսելու աուդիոգրքեր հայերենով: Մենք սկսել ենք ձայնագրել 2014թ-ից և մինչ օրս ամեն ամիս ձայնագրում ենք 2500-ից մինչ 5000 րոպե աուդիոգիրք: Հեղինակները կարող են լինել թե՛ հայ, թե՛ արտասահմանցի: Միակ բանը որ հետևում ենք, հեղինակային իրավունքն է:
Երբ սկսում ենք վերլուծել, թե որ երկրներից, քաղաքներից են մեր կայքից օգտվում, շատ ենք հուզվում, քանի որ կան քաղաքներ, որոնց գոյության մասին մենք չգիտենք, բայց այնտեղ կա մի հայ ընտանիք, որը ներբեռնել է գրքերից մեկը, ինչ-որ հեքիաթ միացրել իր երեխաների համար, որպեսզի հայերենը չմոռանան»,- նշել է Ազիզբեկյանը՝ ընդգծելով, որ սա ամենահեշտ տարբերակն է բանավոր հայերենը Սփյուռքում պահպանելու:
Նրա խոսքով՝ առաջիկայում նոր ծրագրեր են սպասվում: «Դրանցից մեկն այն է, որ արհեստական բանականությանը սովորեցրել ենք կարդալ հայերեն բարբառներով: Այս պահին Լոռվա, Մուշի, Արցախի և Գյումրու բարբառներն արդեն պատրաստ են»,- եզրափակել է Ազիզբեկյանը: