«Այո, ես իսկապես հայ եմ». Շեր

20 Մայիսի 2025, 23:00

Հայեր

Այսօր՝ մայիսի 20-ին, ամերիկահայ երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր և կինոռեժիսոր Շերը (Շերիլին Սարգսյան) դառնում է 78 տարեկան:

Շերը ծնվել է Կալիֆոռնիայի Էլ Սենթրո քաղաքում։ Նրա հայրը հայ է, աշխատել է բեռնատարի վարորդ, իսկ մայրը՝ հնդկական ծագումով դերասանուհի։

Բացի հաջողակ երգչուհու կարիերայից, նա նաև կարողացել է իրեն բացահայտել որպես դերասանուհի՝ խաղալով մոտ 20 ֆիլմում: 1998 թվականին Շերը Լոս Անջելեսում իր սեփական աստղն է ունեցել Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Չնայած իր տարիքին՝ Շերը շարունակում է մնալ հանրաճանաչ երգչուհի։ Նրա սկավառակագրության զինանոցում կան բազմաթիվ հայտնի ալբոմներ։

2010 թվականին տեղի է ունեցել «Բուռլեսկ» ֆիլմի պրեմիերան, որում Շերը նկարահանվել է Քրիստինա Ագիլերայի հետ։ Մյուզիքլում նրա կատարած «You Haven’t Seen The Last Of Me» երգն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Շերն իր պատմական հայրենիքում առաջին անգամ եղել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Նա ժամանել է բեռնատար ինքնաթիռով և մարդասիրական օգնություն բերել հայրենակիցներին։ Շերը միշտ հպարտությամբ իրեն հայ է անվանում, շատ է սիրում Հայաստանը և մեծ ջերմությամբ է վերաբերվում նրան:

«Հայրս հայ է, բայց ես նրա հետ ծանոթացել եմ միայն տասնմեկ տարեկանում, այնպես որ մինչև տասնմեկ տարեկանս չգիտեի, որ հայ եմ։ Իսկ երբ հանդիպեցի հորս, տեսա, որ մենք շատ նման ենք։ Երբ եկա Հայաստան, ապշեցի, թե որքան նման եմ բոլորին, և բոլորը նման էին ինձ։ Ինձ համար դա լիովին բացահայտում էր: Այո, ես իսկապես հայ եմ»,- մի անգամ խոստովանել է երգչուհին։