Թեհրանի և Վաշինգտոնի համաձայնության հասնելու շանսերը մեծ են. Արամ Շահնազարյան
26 Մայիսի 2025, 20:15
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների գլխավոր ինտրիգն Իսրայել կոչված պետությունն ու երևույթն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Իրանի տեսանկյունից կարևոր 2 հանգամանք կա. առաջինն այն է, որ Իրանին պետք է վերապահվի իր տարածքում ուրանի հարստացման իրավունքը, երկրորդ՝ չեղարկվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Միաժամանակ Արամ Շահնազարյանը նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի համաձայնության հասնելու շանսերը մեծ են։
«Բանակցությունների գլխավոր ինտրիգն Իսրայել կոչված պետությունն ու երևույթն է, որը փորձում է իր կամքը պարտադրել ԱՄՆ-ին: Իրանում ուրանի հարստացումը զրոյացնելու պահանջը պնդում է Իսրայելը: Իսրայելը սպառնալիքներ է հնչեցնում, լուրեր են տարածվում, որ նախապատրաստում են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ անկախ բանակցությունների ընթացքից և արդյունքից: Սակայն կարծում եմ, որ դա դժվար տեղի ունենա, քանի որ Իսրայելը միջազգային առումով այնպիսի պայմաններում չի գտնվում, որն իրեն լեգիտիմություն կշնորհի՝ նման գործողությունների դիմելու համար»,- հավելել է Արամ Շահնազարյանը: