Ադրբեջանին ձեռնտու չէ որևէ օտարերկրյա ռազմական ներկայություն ՀՀ-ի տարածքում. Ալեքսանդր Կռիլով
27 Մայիսի 2025, 23:00
Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ՀՀ-ի հետ բանակցությունների մասին հայտարարությանը, թե տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա:
Փորձագետի կարծիքով՝ նման հայտարարություններն արվում են ՀՀ-ի վրա տեղեկատվական-քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։
«Սա հերթական հայտարարությունն է, որը նպատակ ունի բորբոքելու տեղեկատվական դաշտը։ Ամեն ինչ ընթանում է Հայաստանի վրա տեղեկատվական-քարոզչական ճնշման շրջանակներում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի կարող որոշել, թե ինչ կարող է տեղակայվել ՀՀ-ի տարածքում և ում բազաները կարող են լինել այնտեղ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը չի կարող առարկել, եթե Ադրբեջանը որոշի տեղակայել որևէ բազա իր տարածքում», — ասել է Կռիլովը։
Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը նպատակ ունի առավելագույնս թուլացնել Հայաստանը։
«Իրականում պայմանագրի ստորագրման խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ Ադրբեջանը շարունակելու է պահանջել երկու պայման, որոնք հայտնի են՝ Սահմանադրության հարցը և Մինսկի խմբի լուծարումը։ Միևնույն ժամանակ, քննարկվում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների մեծ շրջանակ, որոնք հնարավոր է առաջ քաշվեն ավելի ուշ։ Եթե ՀՀ-ն կատարի այդ պահանջները, ապա կառաջանան նորերը՝ ադրբեջանական բնակչության վերադարձ նախկին բնակավայրեր, Հայաստանի ապառազմականացում և այլն։ Այս ամենն ուղղված է Հայաստանի առավելագույն թուլացմանը։
Հասկանալի է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ Հայաստանի հետ բարեկամական ուժերի որևէ ռազմական ներկայություն՝ լինի դա բազաներ, դիտորդներ, թե այլ ուժեր, որոնք հետևում են իրավիճակին»,- եզրափակել է Կռիլովը։