Լոս Անջելեսում կբացվի գեղանկարիչ Անդրեյ Շուգարովի ցուցահանդեսը
Մայիսի 31-ին Լոս Անջելեսի «Սարյան» մշակութային կենտրոնում սպասվում է գեղանկարիչ Անդրեյ Շուգարովի ցուցահանդեսը: Մինչև ցուցահանդեսի բացումը Alpha News-ը զրուցել է նկարչի հետ: Անդրեյ Շուգարովն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվելու են նաև քանդակագործ Արմենակ Վարդանյանի գործերը։
«Շատ ուրախ եմ, որ մայիսի 31-ին իմ գործերը ցուցադրվելու են «Սարյան» մշակութային կենտրոնում, բայց այնտեղ միայն իմ գործերը չեն լինելու: Կցուցադրվեն նաև քանդակագործ Արմենակ Վարդանյանի աշխատանքները: Նա կներկայացնի իր քանդակները, իսկ ես՝ իմ գեղանկարները՝ մոտ 40 աշխատանք։ Ես բնույթով ակտիվ մարդ եմ, սիրում եմ լինել ամեն տեղ, իմ նկարներում կգտնեք և՛ կենդանիներ, և՛ բնություն, և՛ մարդկանց: Նախընտրում եմ ավելի ագրեսիվ նկարչություն և փորձում եմ կտավի վրա դա ցույց տալ, և դա ինձ մոտ ստացվում է հատկապես ձիեր նկարելիս: Բայց այս ամենին զուգահեռ իմ կյանքում մեծ դեր ունի նաև աբստրակտ արվեստը, և նման ոճով գործեր ևս կլինեն ցուցադրությունում»,- նշել է Շուգարովը:
Անդրեյ Շուգարովը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս է, և մեզ հետ զրույցում խոսել է ոլորտում նոր սերնդի հետաքրքրությունների մասին:
«Հրաշալի սերունդ ունենք, արվեստ սիրող երիտասարդները շատ են, բայց նրանք պետության կողմից ամբողջովին անտեսված են: Ինչքան էլ նրանք հետաքրքրված լինեն, պետք է ինչ-որ կերպ շահագրգռել: Եվ մենք՝ մեր դասախոսական կազմով, աշխատում ենք այդ ուղղությամբ: Ու հենց դրա շնորհիվ էլ ուսանողներն իրենց ոլորտում զարգանում են»,- եզրափակել է գեղանկարիչը: