Լիաննա Հարությունյանը կբացի Տեներիֆեի օպերային թատրոնի նոր եթերաշրջանը

10 Հոկտեմբերի 2026, 19:00

Մշակույթ

Հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը հանդես կգա կոմսուհի Ալմավիվայի դերերգով՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, որով կմեկնարկի Տեներիֆեի օպերային թատրոնի (Ópera de Tenerife) 2026-2027 թթ. համերգաշրջանը։

Այն Լիսեուի օպերային թատրոնի և Տեներիֆեի Auditorio de Tenerife համերգասրահի համատեղ նախագիծն է։

Լիաննա Հարությունյանը ելույթ կունենա հոկտեմբերի 11-ին, 13-ին, 15-ին և 17-ին՝ Տեներիֆեի «Auditorio de Tenerife» համերգասրահում։

Բեմադրության ռեժիսոր Մարտա Պասոսը ստեղծել է ինքնատիպ բեմանկարչություն։ Բեմը ձևավորվել է հսկայական հարսանեկան տորթի տեսքով, որն արտացոլում է հասարակական հիերարխիան և դասակարգային տարբերությունները։ Արտիստների զգեստները նույնպես հիշեցնում են հրուշակեղեն։

Բեմադրության երաժշտական ղեկավարն է Պաբլո Գոնսալեսը, իսկ երգիչներին նվագակցելու է Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։

Լիաննա Հարությունյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և վոկալ բաժինները, այնուհետև ուսումը շարունակել Ֆրանսիայում։ Նա հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Լոնդոնի Քովենթ Գարդենում, Փարիզի ազգային օպերայում և Մեծ թատրոնում։