6-ամյա Եվա Դարբինյանը դարձել է «Ես հետազոտող եմ» համառուսաստանյան մրցույթի հաղթող
31 Մայիսի 2025, 18:30
Նովոռոսիյսկում բնակվող 6-ամյա Եվա Դարբինյանը դարձել է «Ես հետազոտող եմ» հետազոտական և ստեղծագործական նախագծերի համառուսաստանյան մրցույթի հաղթող: Եվան մրցույթին ներկայացրել է «Մազութ. Ինչպես փրկել ծովն ու ավազը դրանից» թեմայով հետազոտությունը։
«Ես հետազոտող եմ» մրցույթին մասնակցել է 200-ից ավելի երեխա ամբողջ երկրի կրթական հաստատություններից: «Բնական գիտություններ. անկենդան բնություն» կատեգորիայում հաղթել է Նովոռոսիյսկի թիվ 77 մանկապարտեզի սան Եվա Դարբինյանը:
«Այսքան փոքր տարիքում Եվան ներկայացրել է բնապահպանական կարևոր թեմա՝ «Մազութ. ինչպես փրկել ծովն ու ավազը դրանից»։ Նրա անկեղծ հետաքրքրությունը և մանրամասն ուսումնասիրությունը գերել են փորձագիտական ժյուրիի անդամներին։ Շնորհավորում եմ Եվային, նրա մանկավարժներին և ծնողներին հաղթանակի կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ գիտելիքի ճանապարհին», — գրել է Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն։
