«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը
03 Հունիսի 2025, 14:35
«Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի մատակարարումների հաճախակիացած խախտումներով։ Ըստ գերատեսչության՝ հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակվել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։
Գործակալության հայտարարության մեջ ասվում է․ «Կտրած ծաղիկներն ու բողբոջները դասակարգվում են որպես բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային արտադրանք: Կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և կլիմայականացումը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական վիճակին, այդ թվում՝ զարգացող տնային ծաղկաբուծության համար»։
Ռուսական կողմից նաև նշել են, որ ընթացիկ տարում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում։ Այս տարի արդեն ներկրվել է 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։
«Բեռնափոխադրումների աճի պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ է գրանցվել։ «Ռոսսելխոզնադզոր»-ի անցկացրած կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային տրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Բացի այդ, բուսական այլ տեսակների մեջ կարանտինային պբյեկտների հայտնաբերման կրկնակի դեպքեր են գրանցվել, ինչը վկայում է Հայաստանից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության ոչ արդյունավետ համակարգի մասին։
Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։
Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների շարունակական հայտնաբերման դեպքում, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։