Արցախը սրբություն է, ո՞նց կարելի է այդ հողը հանձնել. Արայիկ Բաբաջանյան
08 Հուլիսի 2023, 17:50
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի որդու Արայիկ Բաբաջանյանի կարծիքով, Արցախի շուրջ ստեղծված վիճակի հարցում մեղավորը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է: Նրա համոզմամբ Փաշինյանը եկել է իշխանության, հատուկ Արցախը հանձնելու նպատակով:
Alpha News-ի հետ բացառիկ հարցազրույցում «Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամի ղեկավար Արայիկ Բաբաջանյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերի վերաբերյալ:
Բաբաջանյանը շեշտել է, որ երևանցի է, բայց իր երակներով նաև արցախցու արյուն է հոսում մորական կողմի պապը Շուշիից է։ Կրկնակի ցավ է ապրում, տեսնելով, թե ինչ է կատարվում ավելի քան 6 ամիս պաշարված Արցախում:
Նրա կարծիքով հայ հասարակությունն անտարբեր է, մարդիկ Երևանում կյանքը շարունակում են, ասես, ոչինչ տեղի չի ունեցել, ինչն իրեն բարկացնում է:
«Ժողովուրդն ինչի՞ է սպասում, որ ռո՞ւմբ գցեն Կասկադի սրճանների վրա, որ նոր արթնանա՞ն: Քեֆ են անում, սուրճ են խմում ու չեն մտածում, թե ինչ կարող է պատահել: Ես զարմանում եմ՝ մեր ազգը թասիբը կորցրե՞լ է, այլևս թասիբ չունե՞նք: Արցախն ինձ համար սրբություն է: Ո՞նց կարելի է այդ հողը հանձնել այն դեպքում, երբ այդքան արյուն է այնտեղ թափվել», — շեշտել է Բաբաջանյանը:
Արայիկ Բաբաջանյանի դիտարկմամբ` 5 տարի է, ինչ Փաշինյանը իշխանության ղեկին է, սակայն ոչինչ չի արել Հայաստանի համար, միայն կորուստներ են գրանցվել նրա օրոք:
«Նրանց հատուկ բերել են, որ Արցախը հանձնեն: Հինգ տարի առաջ եմ սա ասել ու հիմա էլի՛ կասեմ: Ա՛յ դրա (իշխանության) վերջը պիտի լինի, որից հետո նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն Ռուսաստանի և Ադրբեջանի հետ: Այլապես, 2018 թվականի ցույցերի ժամանակ էդ մարդը, որը հիմա վարչապետ է, ասում էր, թե կգամ, խորհուրդ կհարցնեմ ժողովրդից, ի՞նչ խորհուրդ է հարցնում», — հարցադրում է արել Բաբաջանյանն ու հավելել, որ Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությամբ հրահրել է 44-օրյա պատերազմը:
«ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ սկսելը նույնն էր, ինչ թքեիր քո դաշնակցի երեսին: Հետո էլ ասում ենք, թե ինչո՞ւ ՌԴ-ն կամ որևէ այլ երկիր մեզ չի աջակցում», — այս պնդումն է արել Արայիկ Բաբաջանյանը:
Հիշեցնենք Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի (Բերձոր) միջանցքը: Պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: