Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում նշել են Հոգեգալստյան տոնը
11 Հունիսի 2025, 10:43
Հունիսի 8-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հոգեգալստյան տոնը: Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Այս պայծառ տոնին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցու կամարների տակ հոգևորականներն ու ծխականները, մեծարելով և փառաբանելով Սուրբ Երրորդությունը, բարձրացրել են իրենց շնորհակալական աղոթքները Ամենակարողին: Սուրբ Պատարագը մատուցել է Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը: Քարոզի ժամանակ Տեր Ղևոնդը խոսել է տոնի պատմության մասին, բացահայտել այդ մեծ օրվա նշանակությունը քրիստոնեական եկեղեցու համար:




