Արցախցիները հարցեր ունեն ԱՄՆ դեսպանին. բողոքի ակցիա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջեւ

11 Հուլիսի 2023, 16:02

Քաղաքականություն

Արցախի մի խումբ քաղաքացիներ ակցիա են արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում դեսպան Քրիստինա Քվինի հետ, որը օրեր առաջ հայտարարել էր, թե համարում է, որ Արցախի հայերը անվտանգ եւ խաղաղ կապրեն Ադրբեջանի կազմում:

«Մեր նպատակն է նամակը տանել ԱՄՆ դեսպանատուն և հանդիպել դեսպանի հետ, քանի որ նրա վերջին հարցազրույցը մեզ համար մի շարք հարցեր առաջացրեց»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Սկանդալային հարցազրույցից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանը ստիպված էր եղել պարզաբանում մտցնել իր հայտարարության վերաբերյալ: Նա նոր հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ «Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է:

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է», -հայտարարել էր նա: