Պաշտպանելով իր իշխանությունն ու ազատությունը՝ Փաշինյանը գնալու է մինչև վերջ. Կարապետյանը դա պետք է հասկանա
03 Հուլիսի 2025, 12:10
(Ահաբեկչության մասին հայտարարությունները անհրաժեշտ են Փաշինյանին բռնաճնշումները արդարացնելու համար)
««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վրա հարձակումը շարունակվում է։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաևկդատվեն»,- հայտարարել է Փաշինյանը՝ փաստացի քաղաքական հաշվեհարդարով սպառնալով նրա քաղաքականությանը չհամաձայնող բոլոր աշխատակիցներին։
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը օպերատիվ կերպով արձագանքեց նրա հայտարարություններին. «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»,- ասվում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդի հայտարարության մեջ:
Մենք չենք գնահատելու այս իրավիճակի իրավական քաշքշուկները, առավել ևս, որ այսօր Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց այն իրավական կամայականության մանրամասները, որն ուղեկցում է Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է կատարվողի հենց քաղաքական համատեքստը։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը՝ ուղղված «Էլեկտրական ցանցերի» ղեկավարությանն ու աշխատակիցներին սպառնալիքներով, ցույց է տալիս նրա մտավախությունները՝ կապված այն բանի հետ, որ մայրաքաղաքի փողոցներում մարդկանց կազմակերպված զանգվածները կարող են կայծ դառնալ ավելի գլոբալ քաղաքական գործընթացի համար, որը կարող է սպառնալիք պարունակել իշխանության համար։
Իրավիճակի կարևոր «շտրիխն» այն է, որ սեփականության բռնագրավման սպառնալիքները և սեփականության վերաբաշխմանն ուղղված ապօրինի գործողություններն ընթանում են Հայաստանում արևմտյան դիվանագիտական առաքելությունների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի և ԵՄ-ի լիակատար լռության ներքո։ Նրանք իրավունք չունեն միջամտելու ՀՀ ներքին գործերին (ավելին, իրենց այսօրվա լռությամբ նրանք իրենց համար փակում են դուռը՝ մասնակցելու հայ հասարակության և պետության կյանքին այն ժամանակահատվածում, որը կգա Փաշինյանի կողմից երկրի կառավարման շրջանից հետո), սակայն կարևոր է նշել, որ դեսպանատները լռում են մի իրավիճակում, երբ ոտնահարվում է արևմտյան քաղաքակրթության հիմքերից մեկը՝ մասնավոր սեփականության անձեռնմխելիության ինստիտուտը։
Այս համատեքստում տեղին է մտածել այն մասին, որ Բագրատ Սրբազանի ձերբակալությունը՝ «իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձի» հորինված պատրվակով, ներկայիս իրավիճակում շղարշի դեր ուներ. Փաշինյանը փորձում է Արևմուտքում «վաճառել» այն գաղափարը, որ իր իշխանության դեմ իբր ահաբեկչություն էին պատրաստել, և, համապատասխանաբար, Հայաստանում նրա ցանկացած բռնաճնշում լեգիտիմ է, արդարացված։ Առաջին հերթին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներում գիտեն, թե իրականում ինչ է կատարվում, սակայն քաղաքական նպատակահարմարությունը ստիպում է նրանց լռել և սատարել Փաշինյանին։
«Էլեկտրական ցանցերը» խլելու փորձը, հայտարարությունները «աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին, եթե նրանք մասնակցեն հանրահավաքներին» անօրինական են, հակասում են Սահմանադրությանը (Հայաստանում հավաքների ազատությունը երաշխավորված է Հիմնական օրենքի 44-րդ հոդվածով։ Այն յուրաքանչյուրին իրավունք է տալիս ազատորեն մասնակցել և կազմակերպել խաղաղ, անզեն հավաքներ), սակայն քաղաքական տեսանկյունից Փաշինյանի գործողությունները հասկանալի են։ Նա իրեն պահում է որպես մարդ, որը չի ցանկանում իշխանությունը զիջել։ Կամ, համենայնդեպս, մարդ, որը չի ցանկանում իշխանությունը զիջել Սամվել Կարապետյանին կամ Կարապետյանի հետ նույն «աշխարհաքաղաքական արեալի» մեկ այլ գործչի։
Ի՞նչն էր խանգարում 2018 թվականին անել նույնը. աշխատանքից ազատել հանրահավաքների դուրս եկողներին, գոնե իշխանական ԶԼՄ-ներին արգելել լուսաբանել ակցիաները, ոչնչացնել Փաշինյանի շարժման հետ կապված խորհրդանիշները, ի վերջո, անջատել ինտերնետը մայրաքաղաքում։ Իսկ միգուցե 2018 թվականին իշխանությունը պահելու խնդիր չէր դրված։ Իսկ ապրիլի 23-ից հետո խնդիր էր դրված թույլ չտալ Սամվել Կարապետյանի «աշխարհաքաղաքական արեալի» մարդուն մնալ վարչապետ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։