Փաշինյանի գրառումը հոգեբանական սպառնալիք է եկեղեցու նկատմամբ. Արա Պողոսյան
07 Հուլիսի 2025, 19:02
Իրավական տեսանկյունից ՀՀ-ում չկա տարածք, որը փակ լինի իրավապահների գործունեության համար, հետևաբար, երկրի ղեկավարի նման տեքստի հնչեցումը քաղաքական է: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումը:
«Չի կարող մեկ անձ իր վրա վերցնել ամբողջ դատական, իրավական համակարգի ֆունկցիաները, հայտարարել, ապա հիմնավորել դրանք: Կարծում եմ՝ սա նախևառաջ հոգեբանական սպառնալիք է Հայ Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ»,- ասել է քաղաքագետը:
Այս պարագայում, նրա խոսքով, հոգեբանական սպառնալիքը զուգորդվում է իրավական գործընթացներով, որոնք իրավական են միայն արտաքինից: «Խորքում դրանք քաղաքական են, ինչը շատ պարզ բացատրություն ունի: Եկեղեցու հետ կապված ցանկացած գործի նախորդում են իշխանությունների բոլոր անդամների կոնկրետ պիտակավորումներն ու որակավորումները»,- նշել է Արա Պողոսյանը:
Նա հավելել է, որ բուն նպատակն այն է, որ եկեղեցին և եկեղեցականները հանձնվեն: