«Դիարբեքիրսպոր»-ի՝ Հայաստանի զինանշանը կրկնող էմբլեմի քննարկումները հասել են Թուրքիայի խորհրդարան
13 Հուլիսի 2023, 08:20
Թուրքական ընդդիմադիր ազգայնական «Լավ» (Iyi Parti) կուսակցության անդամ Լյութֆու Թյուրքանը խորհրդարանում բարձրաձայնել է «Diyarbekirspor» ֆուտբոլային ակումբի անվան և էմբլեմի փոփոխության մասին լուրերը:
Պատգամավորը, դիմելով Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքին, հիշեցրել է, որ շուտով սպասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 2 լիգայում գործող «Diyarbekir» սպորտային ակումբի վերանվանումը «Mezopotamya»-ի:
Ապա նշել է, որ գրեթե նույնությամբ Հայաստանի գերբին նմանվող լոգոյով ֆուտբոլային ակումբը արդեն իսկ գրանցվել է ԹՖՖ-ի կողմից և երևում է պաշտոնական կայքում:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թյուրքանը մեղադրել է ֆուտբոլային ակումբին քաղաքական քարոզարշավ իրականցնելու մեջ. «Ակնհայտ է, որ այն` իր անունից մինչև զինանշան, մարզական գործունեության փոխարեն վերածվել է քաղաքական քարոզչության ապարատի: Անընդունելի է, որ Թուրքիայում կանաչ դաշտերը վերածվեն նման քարոզչական դաշտի։ ԹՖՖ-ն չի կարող կանգնել այս անզգուշության կողքին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ TFF 2 Լիգայի «Դիարբեքիրսպոր» թիմը որոշել է անվանումը փոխել «Մեսոպոտամիա»-ի: «Դիարբեքիրսպոր»-ն անվանումից հետո փոխել է նաև ակումբի զինանշանը: Փոփոխությունը մեծ ռեզոնանս է առաջացել, քանի որ գրեթե ամբողջությամբ նմանակել է ՀՀ պետական զինանշանը։ Մի շարք մեղադրանքներից հետո «Դիարբեքիրսպոր» ակումբի նախագահ Սերքան Յանգը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ ինչպես մինչ այդ, դրանից հետո էլ հպարտությամբ շարունակելու են կրել «Դիարբեքիրսպոր» անունը»: