Որքանո՞վ է արդյունաբերության երկնիշ անկումը մտահոգիչ
11 Հուլիսի 2025, 18:00
2025 թվականի հունվար-մայիսին ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը կազմել է 14,1 %: Թեև նախորդ ժամանակաշրջանի (հունվար-ապրիլ՝ -17.1 %) համեմատ անկումը փոքր-ինչ նվազել է, սակայն Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկման ներքո լինել. որքանո՞վ է սա մտահոգիչ:
Նախ ֆիքսենք, որ անկման պատճառն արտաքին ազդեցությունների՝ ոսկու վերաարտահանման չեղարկումն է: Պատահական չէ, որ 70 %-ից բարձր անկում են գրանցել հենց ոսկերչական և հիմնային մետաղների ապրանքախմբերում:
Իրականում, ներկայումս Հայաստանի մակրոտնտեսական վիճակագրությունը բազային էֆեկտների ազդեցությունների ներքո է: Դրանով պայմանավորվում է թե՛ Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի արագացումը, թե՛ այլ ուղղություններում աճը, թե՛ արդյունաբերության անկումը: Եվ հետևաբար, գուցե շատ շտապողական կլինի արդյունաբերության ներկա անկումը բացառապես խիստ բացասական պրոցեսների հետ կապելը, սակայն դա չի նշանակում, որ մտահոգվելու առիթ չունենք:
Իսկ անհանգստանալու պատճառ է ավանդական արտահանելի այնպիսի ապրանքախմբի արտադրության ծավալների կրճատումն, ինչպիսին է խմիչքի ապրանքախումբը (-13,2 %): Ինչո՞վ է սա շատ մտահոգիչ, քանի որ տևական ժամանակ է՝ խմիչքների արտահանման հետ ևս խնդիրներ կան, իսկ արտահանումն ու արտադրությունը միմյանց փոխկապակցված են, ուստի մենք այստեղ ունենք բացասական զարգացումներ:
Ըստ վիճակագրության՝ սննդի արտադրությունն աճել է 4.8 տոկոսով, ինչն ուրախալի է, սակայն ավելի երկար ժամանակահատված է պետք՝ հասկանալու սա ժամանակավո՞ր, թե հիմնական գործընթաց է, թե՞ նույն՝ բազային էֆեկտով է պայմանավորվում:
Միաժամանակ, Հայաստանի տնտեսության իրական հատվածում ևս հակասական պրոցեսներ են ընթանում: Օրինակ, շինարարությունը ակտիվ աճի փուլում է (հունվար-մայիս՝ 17,1 %), այն դեպքում, երբ անշարժ գույքի գործարքների թիվը կրճատվել է: Մտածելու առիթ է նաև հանգամանքը, որ շինարարությունը շարունակում է աճել այն դեպքում, երբ հետզհետե դադարում է գործել դրա համար՝ ժամանակին լուրջ խթան հանդիսացած եկամտահարկի վերադարձելիության հնարավորությունը հիփոթեքային վարկավորումների պարագայում: Սա իրական հատվածում առաջին հայացքից հակասական զարգացում է, որի հետագա ընթացքին առնվազն պետք է հետևել: