Մայք Սարյանն ու Վահե Կարապետյանը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Հայաստանի համար անընդունելի պետք է լինի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գործարար, բարեգործ Մայք Սարյանը։

«Ինձ համար անհասկանալի է Հայաստանի դիրքորոշումը։ Այդ ճանապարհը պատկանում է Հայաստանին, և հայերը պետք է պատասխանատու լինեն դրա համար»,- ասել է նա։

Մայք Սարյանը վտանգավոր է համարում Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները մեղմացրել են այդ հարցով իրենց դիրքորոշումը։

Իր հերթին, Վահե Կարապետյանը նշել է․ «Մենք, կարծես, մոռացել ենք Արցախը, արցախահայերի ցեղասպանությունը և կամաց-կամաց խոսում ենք Մեղրիի մասին։ Այս ամենը շատ վաղուց էր կազմակերպված»։

Նրա խոսքով՝ հենց այդ պայմանավորվածությունն էր եկեղեցու դեմ սկսված արշավի պատճառը։

«Ինձ համար բացարձակ կարևոր չէ՝ ով է հսկելու այդ ճանապարհը։ Կամաց-կամաց վերցնելու են ամեն ինչ»,- հավելել է Վահե Կարապետյանը։