Հայաստանը ՇՀԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
17 Հուլիսի 2025, 11:30
Հայաստանը վստահորեն ուզում է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): Այս մասին երեկ՝ հուլիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նախորդող ժամանակաշրջանում Շանհայի կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն, այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունեինք, որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Քննարկումներ են հիմա գնում, որ կազմակերպությունում կառուցվածքային փոփոխություններ պետք է տեղի ունենան, որ, օրինակ, դիտորդի կարգավիճակը հանվի։ Իհարկե, սա ամենակարևոր պատճառը չէ, սակայն մենք վստահորեն ուզում ենք անդամակցել այս կազմակերպությանը»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին: Սկզբում կազմակերպության անդամ էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանն ու Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։