Աբրահամ Ռուսսո․ Ռուսական էստրադայի հայկական ձայնը

21 Հուլիսի 2025, 22:16

Հայեր

Աբրահամ Ռուսսոն, իսկական անունը՝ Աբրահամ Իփջիյան, ծնվել է 1969 թ․ հուլիսի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքում՝ հայկական ընտանիքում։ Հոր մահից հետո նա մոր և եղբոր հետ տեղափոխվել է Փարիզ։

Երաժշտության հանդեպ սերը դեռևս մանկուց է եղել: Ֆրանսիայում սկսել է երաժշտական կարիերան, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստան՝ չիմանալով լեզուն, սակայն կարողացել է ռուսերեն երգ կատարել, ապա սովորել է լեզուն, ինչը դարձել է նրա առաջին հաջողություններից մեկը։

Ճակատագրական է դարձել պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ հանդիպումը, ով Ռուսսոյին պայմանագիր է առաջարկել։ 2000 թ․ թողարկվել է նրա դեբյուտային ալբոմը, իսկ 2002-ին՝ Քրիստինա Օրբակայտեի հետ դուետը՝ «Любовь, которой больше нет», որը հիթ է դարձել։ Երկրորդ համատեղ ստեղծագործությունը եղել է «Просто любить тебя» երգը, որին հաջորդել են հանրության կողմից սիրված «Далеко-далеко» և «Обручальная» երգերը։

Աբրահամ Ռուսսոն չորս անգամ արժանացել է «Ոսկե գրամոֆոն» մրցանակին և անշլագ է հավաքել, համերգ տվել Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում՝ 18 հազար հանդիսատեսի առջև։

2006 թ․ նրա դեմ մահափորձ է կատարվել Մոսկվայում. նա ստացել է մի քանի հրազենային վնասվածք, սակայն հրաշքով ողջ է մնացել։ Այս դեպքից հետո նա տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր երաժշտական և հոգևոր գործունեությունը։

Երաժշտությունից բացի, Աբրահամը պոլիգլոտ է՝ տիրապետում է 13 լեզվի, այդ թվում՝ հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, հինդի, եբրայերեն և չինարեն։ Նա գրել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Ճշմարտության որոնումներում» ինքնակենսագրությունը։

Երգիչն ունի երկու դուստր՝ Էմանուելան և Ավե-Մարիան, որոնց անուններն ընտրել է՝ ոգեշնչվելով կրոնական թեմաներով։ Նա հայտնի է ընտանիքի հանդեպ իր խորը կապվածությամբ և երեխաների դաստիարակության նկատմամբ ուշադիր վերաբերմունքով։

Աբրահամը միշտ հպարտությամբ է ընդգծում իր հայկական ծագումը։ Նա պարբերաբար այցելում է Հայաստան, ուր բնակվում էր մայրը՝ հալեպահայ Մարիան, որն ապրել էր Փարիզում, այնուհետև՝ Մոսկվայում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Հայաստանում։ Ռուսսոն միշտ առանձնակի ջերմությամբ է խոսել մոր մասին՝ ընդգծելով, թե ամենածանր տարիներին ինչպես է նա միայնակ մեծացրել զավակներին:

Նշենք, որ Ռուսսոն այսօր էլ  բուռն գործունեություն է ծավալում երաժշտական ասպարեզում, վերջին շրջանում էլ սերտ համագործակցում է հայ երաժիշտների հետ, պարբերաբար նոր հիթեր  ներկայացնում։