Խաղաղապահները ամենօրյա ռեժիմով իրավիճակի մասին տեղեկություն կփոխանցեն ՌԴ. ԱՀ պետնախարարը՝ Լենցովի հետ հանդիպման արդյունքների մասին

14 Հուլիսի 2023, 17:22

Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ Արցախի պետնախարարի եւ մյուս պաշտոնյաների հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպումից հետո պետնախարար Գուրգեն Ներսիսյանը խաղաղապահների տեղակայման վայրում հավաքված արցախցիներին հայտնեց, որ ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախի իրավիճակի մասին տեղեկություն փոխանցել Ռուսաստանին եւ պարտավորվել են ընդունել, որ իրենք անհապաղ իրավիճակը կարգավորելու եւ հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ աշխատանք ունեն անելու:

Ներսիսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի բնակիչները կվերադառնան Վերածննդի հրապարակ՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչները կման խաղաղապահների շտաբի մոտ, որտեղ ավելի վաղ վրաններ էին տեղադրել: Պետնախարարը հավելեց, որ Վերածննդի հրապարակում նույնպես վրաններ կտեղադրվեն:

Հիշեցնենք, որ արցախցիներն այսօր առավոտյան համաժողովրդական անժամկետ շարժում են սկսել: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտյան մեկնարկած հանրահավաքի ժամանակ նրանք միջազգային հանրությունից պահանջեցին քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու եւ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ: Երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։

Պետնախարարը կոչ արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Նյութի հրապարակումից հետո Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մանրամասներ է ներկայացրել հանդիպման մասին՝ նշելով, որ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյաանի, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի մասնակցությամբ հանդիպել են Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և այլ ներկայացուցիչների հետ:

«Մեր կողմից Ա. Լենցովին է ներկայացվել Արցախում ստեղծված իրավիճակը, Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների պահանջը: Ա. Լենցովը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է փոխանցում Մոսկվա, ընդունել է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, որը ամեն րոպե խորանում է, արգելափակված է Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը, խախտված է Եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Ա. Լենցովը հավաստիացրել է, որ իրավիճակի հետագա զարգացումների վերաբերյալ տեղեկությունները այսուհետ վերադասին են փոխանցվելու անընդհատ և քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ»,- տեղեկացրել է Գուրգեն Նեսիսյանը: