Արմեն Մարտիրոսյան․ Հայաստանի տիտղոսակիր եռացատկորդը

06 Օգոստոսի 2025, 22:05

Հայեր

Արմեն Մարտիրոսյանն այն եզակի մարզիկներից է, որի շնորհիվ հայկական թեթև աթլետիկան մտել է եվրոպական սպորտի պատմության մեջ։ Ծնունդով Գյումրիից մարզիկն անկախ Հայաստանի միակ ներկայացուցիչն է, ով 1996 թվականին Ստոկհոլմում կայացած Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել (բրոնզ):

Արմենը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 6-ին, սկսել է մարզվել երկրաշարժից ավերված քաղաքում։ Գյումրիի քաղաքային մարզադաշտում, որի կողքերն ասֆալտապատ էին, նա վազում էր ու մարզվում, իսկ թռիչքները կատարում էր փոսի վրա: Չնայած պայմանների բացակայությանը՝ նա նախանձելի համառությամբ քայլում էր դեպի նպատակը:

Միջազգային ասպարեզում Մարտիրոսյանն առաջին անգամ հանդես է եկել 1993 թվականին, իսկ արդեն 1995-ին դարձել Է Ճապոնիայի ունիվերսիադայի արծաթե մեդալակիր: Մեկ տարի անց նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Դա հաղթանակ էր՝ հակառակ ֆեդերացիայի աղքատությանը, լիարժեք մարզչի բացակայությանը և հավաքների համար ինքնուրույն միջոցներ գտնելու անհրաժեշտությանը։

Ատլանտայի Օլիմպիական խաղերում նա գրավել է հինգերորդ տեղը՝ զիջելով միայն համաշխարհային աստղերին։ Նրա արդյունքը՝ 16,97 մ, դարձել է խորհրդանիշ այն բանի, թե որքան հեռու կարող է ցատկել մարզիկը, եթե նրա հետևում կանգնած է ոչ թե համակարգը, այլ բնավորությունը:

1998 թվականին նա սահմանել է ազգային ռեկորդ՝ 17,41 մ, որը դեռևս ոչ ոք չի կարողացել գերազանցել։

Բացի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Մարտիրոսյանը ևս երկու անգամ հանդես է եկել Օլիմպիական խաղերում: Սակայն «Սիդնեյ-2000»-ում և «Աթենք-2004»-ում նրան չի հաջողվել ցույց տալ նախկին արդյունքները և դուրս գալ եզրափակիչ։

Մարզական կարիերան ավարտելուց հետո գյումրեցին որոշ ժամանակ աշխատել է որպես մարզիչ, սակայն հետո թողել է մարզչական գործունեությունը և սկսել է աշխատել որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն Գյումրիի ռուսական ռազմաբազային կից դպրոցում:

Մարտիրոսյանի ազգային ռեկորդները մինչ օրս չեն գերազանցվել։ Ցավոք, կարելի է միայն ենթադրել, թե ինչ արդյունքներ ցույց կտար գյումրեցի մարզիկը, եթե մարզվեր և հանդես գար խորհրդային մարզական համակարգում կամ ստանար անհրաժեշտ ֆինանսավորումն ու պետական աջակցություն անկախ Հայաստանում: