ԱՄՆ-ն պատրաստ չէ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի մանրամասները. Պետդեպ

07 Օգոստոսի 2025, 23:32

Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտտը այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ գերատեսչությունը պատրաստ չէ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի մանրամասները, ներառյալ ԱՄՆ հնարավոր մասնակցությունը Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղու հարցում:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը Պիգոտտից հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման, բանակցությունների հնարավոր արդյունքների մասին, ինչպես նաև խնդրել է հստակեցնել Սյունիքով անցնող ճանապարհի և այդ գործընթացում ԱՄՆ-ի և Թուրքիայի դերակատարության վերաբերյալ մանրամասները:

«Ե՛վ նախագահը, և՛ պետքարտուղարն արդեն բազմիցս հույս են հայտնել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Պետքարտուղարը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը, երբ հնարավորություն է ընձեռվում։ Հենց որ ինչ-որ բան ունենանք հաղորդելու, անպայման դա կանենք։ Բայց ես մտադիր չեմ ենթադրություններ անել կամ առաջ ընկնել», — ասել է դիվանագետը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը հրաժարվել է նաև մեկնաբանել օգոստոսի 8-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի պլանների մասին։

«Հիմա դրա շուրջ շատ շահարկումներ կան։ Ես չեմ պատրաստվում շահարկել այդ թեման», — ասել է նա։

Հիմա եթերում