Հայաստանը կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար․ Միրզոյան
10 Օգոստոսի 2025, 15:46
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:
«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։
Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։
Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար»,- ասել է նա։