Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ
11 Օգոստոսի 2025, 13:25
Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Նա ընդգծել է, որ Իրանը, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական կարևորությունը, միշտ ակտիվ դեր է ունեցել այս տարածաշրջանի զարգացումներում, սերտ կապի մեջ է եղել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։
Նրա խոսքով՝ Իրանը, ողջունելով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ընդլայնումը տնտեսական զարգացման նպատակով, շեշտում է, որ այս գործողությունները չպետք է խախտեն միջազգային իրավունքը, միջազգային սահմանները, ազգային ինքնիշխանությունը կամ աշխարհաքաղաքական կառուցվածքները։
«Արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը այս ոլորտում, Իրանի տեսանկյունից, վնասակար է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար, և Իրանն իր ընդդիմությունն արդեն բացահայտ արտահայտել է»,- եզրափակել է նա: