Արաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն անվանել է պատմության մեջ ամենասերտը

20 Հոկտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Թեհրանն ու Մոսկվան պատմության մեջ երբեք այնքան սերտորեն չեն համագործակցել, որքան այժմ։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա բանակցությունները բնութագրել է որպես «ժամանակին»։

«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանը, Պաղեստինը, Ուկրաինան և Եմենը։ Մենք նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա։ Մեր պատմության ընթացքում Իրանը և Ռուսաստանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի 19-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ նրան ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նաև հանդիպել է Արաղչիի հետ և բանակցություններ վարել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։