Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարվելու համար քաղաքացուն ազատել են աշխատանքից
20 Հոկտեմբերի 2026, 11:50
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ճնշումների ենթարկված թեկնածուներին և ընտրողներին իրեն դիմելու կոչին։
Գևորգյանը հրապարակայնորեն ներկայացրել է այն անձանց անունները, որոնք, իր խոսքով, քաղաքական հայացքների պատճառով ճնշումների են ենթարկվել կամ զրկվել աշխատանքից։
Նրա խոսքով՝ նրանց թվում են Ստեփանավանի Ամալիա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանը, Ստեփանավանի պոլիկլինիկայի 38 տարվա աշխատանքային փորձ ունեցող բուժքույր Մանուշակ Լալազարյանը և նույն պոլիկլինիկայի բուժքույր Օլգա Սահակյանը։
Պատգամավորի պնդմամբ՝ Սերինե Մանուկյանն աշխատանքից ազատվել է լուսանկարի պատճառով, իսկ մյուս երկու բուժաշխատողները ևս քաղաքական հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից կամ ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել՝ աշխատանքից հեռանալու նպատակով։