Շվիդկոյն Արցախում խորհրդային զինվորների հուշարձանների քանդումն անպատվաբեր արարք է անվանել
21 Օգոստոսի 2025, 10:50
Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումն անպատվաբեր արարք է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
«Հուշարձանների դեմ պատերազմը լավագույն զբաղմունքը չէ ցանկացած երկրի համար։ Դրանք արտացոլում են այդ երկրի վրա ապրող ժողովուրդների պատմությունը։ Դա նույնքան անհեթեթ է, որքան 90-ականներին Ադրբեջանի մշակութային գործիչների հուշարձանների ոչնչացումը։ Հուշարձանների դեմ պայքարելն ամենապատվաբեր գործը չէ, բայց շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան», — ասել է Շվիդկոյը։
Նա նշել է, որ «թեև քաղաքականությունն է թելադրում մշակույթը, սակայն քաղաքականությունն այժմեական է, իսկ մշակույթը՝ հավերժ»:
«Միջպետական հարաբերություններից բացի, կան նաև ժողովուրդների միջև հարաբերություններ, որոնք ավելի խորքային են։ Եվ այսօր կարևոր է պահպանել մշակութային կապերը, որոնք մեզ կապում էին մեր կողքին ապրող բոլոր ժողովուրդների հետ», — եզրափակել է Շվիդկոյը։