Մենք շատ վատ կանխատեսումներ ունենք․ Մամուկա Պիպիան՝ Հայաստանում էներգետիկ իրավիճակի մասին
23 Նոյեմբերի 2026, 13:20
Երբ շուկայում բազմաթիվ խաղացողներ և մատակարարներ կան, դա պետք է ազդի գնի, որակի և այլ գործոնների վրա։ Սրանք շուկայական օրենքներ են, սակայն երբ երկիրը գազ կամ էլեկտրաէներգիա է ստանում հարևաններից՝ դրա դիմաց կորցնելով ինքնիշխանության կամ անկախության մի մասը, դա, իհարկե, վատ է։ Այս մասին «Alpha Media Center»-ում կայացած «Հայաստանի էներգետիկ ինքնիշխանությունը․ պրագմատի՞կ հաշվարկ, թե՞ քաղաքական կոնյունկտուրա» խորագրով փորձագիտական պանելային քննարկման ժամանակ ասել է վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության առաջնորդ Մամուկա Պիպիան։
«Այն, ինչ մենք տեսնում ենք մեր հարևան, բարեկամ և եղբայրական Հայաստանում, իրականում մի փոքր վախեցնում է։ Վրաստանն, օրինակ, ադրբեջանական գազ էր ստանում հատուկ գներով։ Հետո Ռուսաստանը նույնպես սկսեց գազ մատակարարել հատուկ՝ այսպես ասած, հարևանային գներով։ Եվ այս պահին, օրինակ, մեր գազի շուրջ 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից։
Սաակաշվիլիի օրոք գինը բավականին ընդունելի էր, սակայն աստիճանաբար սկսեց բարձրանալ, քանի որ մենք ունեինք մեկ մատակարար՝ Ադրբեջանը։ Այսօր ռուսական գազը շատ ավելի էժան է, և մենք կարծում ենք, որ Վրաստանի համար այդ գինը կպահպանվի»,- ասել է նա։
Պիպիայի խոսքով՝ դժվար է ասել, թե ներկայիս պայմաններում և Փաշինյանի իշխանության օրոք որքանով կհաջողվի Հայաստանին պահպանել այդ հավասարակշռությունը։
«Այս առումով մենք շատ վատ կանխատեսումներ ունենք»,- հավելել է նա։