Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը թափանցիկ չէ, որևէ թուղթ համայնքին ցույց չեն տալիս. Պալյան

28 Օգոստոսի 2025, 20:10

Քաղաքականություն

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ «Կովերի պարտեզի» շուրջ նոր գաղտնի գործարք է կնքվել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի և իսրայելական «Xana Gardens» ընկերության միջև՝ առանց համայնքի հաստատման։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ։

«Դեռևս այդ 2-րդ պայմանագիրը չի ստորագրվել, բայց ընթացքի մեջ է։ 1 տարի 3 ամիս պատրիարքությունը բանակցությունների մեջ է եղել ընկերության հետ, բայց մենք բավականին ուշ տեղեկացանք այդ ամենի մասին։ Ցանկանում էին՝ համայնքն առանց հավելյալ տեղեկություն ստանալու սատարի այդ պայմանագիրը։ Նույն կինոն է, ինչ 2021-ին, երբ առաջին պայմանագիրը ստորագրվեց։ Կրկին նույն մեթոդներով, նույն գաղտնիությամբ, և, անշուշտ, համայնքը դա մերժում է։ Մենք չենք մերժում, որ պատրիարքարանը ինչ-որ գործարք է կնքելու, մենք մերժում ենք, որ պատրիարքարանը ընդհանրապես թափանցիկ ձևով չի աշխատում համայնքի հետ, և որևէ տեղեկություն, որևէ թուղթ անգամ պատրաստ չեն ցույց տալ։ Համայնքի փաստաբանները երկար զրուցել են պատրիարքարանի փաստաբանների հետ, և խնդրել են, որ ներկայացվի պայմանագիրը, որպեսզի ուսումնասիրվի համայնքի իրավաբանական խմբի կողմից, բայց, ցավոք, այդ պահանջը մերժվել է, և մենք արդեն տեղյակ ենք, որ պատրաստվում են կնքել այս երկրորդ պայմանագիրը «Կովերի պարտեզ»-ի վերաբերյալ»,- նշել է Պալյանը։

Նրա խոսքով՝ իրենք բազմաթիվ անգամ դիմել են պատրիարքությանը, որպեսզի մի սեղանի շուրջ նստեն համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկեն բոլոր հարցերը, բայց իրենց մերժել են։

«Վստահ եղեք՝ համայնքը այլևս առաջվանը չէ։ Մենք 24 ժամ 7 օր պաշտպանելու ենք այն։ Սա այն համայնքն է, որը ոստիկանության, զինված վերաբնակիչների, արաբ պաղեստինցի խմբերի դեմ պայքարել է և ոտքի վրա մնացել։ Համայնքն ունի իրավական լիազորություններ իր իրավունքները, իր հողը, իր եկեղեցին և հաստատությունը պաշտպանելու համար»,- ընդգծել է Պալյանը։

Հիմա եթերում