Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել․ Արամ Ա
02 Սեպտեմբերի 2025, 19:30
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը պատգամ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով։
«Այսօր ողջ հայությունը, վերանորոգ հավատքով ու հույսով նշում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման պատմական դեպքը։
Արդարև, ո՞վ չի հիշի շուրջ 35 տարի առաջ, ի խնդիր Արցախի ժողովուրդի անկախության, մեր հերոսների սխրանքը և մեր նահատակների արյունով կերտված ազատ ու անկախ ապրելու Արցախի ժողովուրդի հավատքն ու կամքը։ Ո՞վ չի հիշի տարիներ շարունակ ի խնդիր Արցախի անկախ պետականության ամրացման տարած հավաքական պայքարը՝ համայն հայության գործուն մասնակցությամբ։ Վերջապես, ո՞վ չի հիշի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությամբ կատարված հսկա իրագործումները՝ ի խնդիր նույն և մեկ նվիրական նպատակին, Արցախի անկախության ամրապնդման։
Այսօր, փաստորեն, կորցրել ենք Արցախի անկախությունը։ Արցախը հայաթափման է ենթարկվել։ Նրա ստեղծագործ ոգու, մշակութային հանճարի և կրոնական ապրումների արգասիք հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը, մշակութային պատմական կոթողները թշնամու կողմից բարբարոսական արարքների են ենթարկվում։ Այլ խոսքով՝ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության, ու միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։
Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք։ Սակայն, Արցախն իր հողով ու ժողովուրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու պիտի չկորցնենք՝ որքան էլ ոչ բարենպաստ լինեն մեզ շրջապատող պայմանները։ Պատմությունը կաղապարված գոյություն չէ, այն մնայուն փոփոխության ենթակա է։ Եթե այսօր աշխարհաքաղաքական պայմանները նպաստավոր չեն Արցախի անկախության վերականգնման համար, վաղը դրանք կարող են հիմնովին փոխվել։ Պետք է զգոն լինել ու հետևողական։ Աստուածաշունչն ասում է՝ «յոյսը երբեք ամօթով չի ձգեր (Հռ 5.5)»: Պետք է կառչել հույսին և այն շաղախել մեր ժողովրդի հավատքով և մեր իրավունքների ձեռքբերման համար մաքառելու ամուր կամքով։
Արցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է։ Արցախը պատմության փոշիների տակ չպետք է թաղել. Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,- ասված է Արամ Ա-ի ուղերձում։