Ռուսաստանը Կովկասից ոչ մի տեղ չի հեռանում, մեր բազաները մնում են այնտեղ. Վիկտոր Լիտովկին

08 Սեպտեմբերի 2025, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ և քաղաքագետ Վիկտոր Լիտովկինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի թերահավատ հայտարարությունը։

«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը միշտ կողմ է խաղաղությանը աշխարհի ցանկացած կետում։ Իսկ ի՞նչ պայմաններով։ Դա Ադրբեջանի և Հայաստանի գործն է։ Ռուսաստանն այստեղ կապ չունի։ Դա շահավե՞տ է Հայաստանին, շահավե՞տ է Ադրբեջանին: Աստված տա։

Հարցի մյուս կողմն այն է, որ Ռուսաստանը ոչ մի տեղ Կովկասից չի հեռանում։ Մեր բազաները մնում են Հայաստանում։ Այնպես որ, մեր ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի վրա մնում է։ Վրաստանում, Հարավային Օսիայի, Աբխազիայի տարածքում ևս գտնվում են մեր բազաները։ Այնպես որ, ես կարծում եմ, որ դա պարզեցում է՝ այն պարզեցումը, թե Ռուսաստանը հեռանում է Կովկասից»,- կարծում է փորձագետը։

Լիտովկինի կարծիքով՝ Անդրկովկասում Ռուսաստանի ներկայության պատմությունն ավարտված չէ, և ներկայիս իրադարձությունները տարածաշրջանում խոշոր տերությունների դիմակայության միայն մի փուլ են։

«Պետք է հասկանալ, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը հավերժ չեն։ Հավերժ են Ռուսաստանի շահերը Կովկասում, հավերժ են Թուրքիայի շահերը Կովկասում, հավերժ են Միացյալ Նահանգների շահերը Կովկասում։ Եվ այս երկրների միջև կլինի ևս մեկ էջ, այսպես ասած, մրցակցության՝ Հարավային Կովկասում ներկա գտնվելու և այդ տարածաշրջանի քաղաքականության վրա ազդելու համար»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։