Եվ, այնուամենայնիվ, ՌԴ-ն է մեր հիմնական առևտրային գործընկերը
09 Սեպտեմբերի 2025, 18:00
Հայաստանի արտաքին առևտուրը շարունակում է անկում գրանցել: Այս տարվա հունվար-հուլիսին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 42 %-ով: Ընդ որում, արտահանումը նվազել է 49,6 %-ով, ներմուծումը՝ 35.8 %-ով:
Պատահական չէ, թե ապրանքային կառուցվածքում հատկապես որ ապրանքախմբերն են առևտրաշրջանառության անկում գրանցել: Դրանց թվում ամենամեծ անկումը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ ապրանքախումբը 75.7 %-ով ավելի քիչ է արտահանվում, իսկ ներմուծվում է 77,5 %-ով պակաս: Մեկ անգամ ևս հիշեցնեք, որ նախորդ տարի մենք գտնվում էին ոսկու վերաատահանման մեծ հոսքերի ներքո, ինչն արտացոլվել էր մեր արտաքին առևտրաշրջանառության վրա: 2024թ.-ին հունվար-հուլիսին արտաքին առևտրի աճը կազմել էր 95 %, որում ներմուծումն ավելացել էր 79.1% -ով , արտահանումը՝ 2.2 անգամ: Այսօր արդեն այդ հոսքերը չկան, ինչն էլ, կանխատեսելիորեն ձևավորել է նշված բացասական ցուցանիշը:
Այս զարգացումների համատեքստում, իհարկե, կան օբյեկտիվ հարցադրումներ, գուցեև՝ քննարկման, ուսումնասիրման խնդիրներ: Օրինակ՝ որքանո՞վ էին կառավարելի այդ հոսքերը, կամ՝որքանո՞վ էին ներառական դրանցից առաջացած արդյունքները: Ներառական՝ ի նկատի ունենք տնտեսության համար ավելի լայն կտրվածքով: Կարևոր է նաև՝ որքանո՞վ կապիտալիզացվեց այդ ժամանակավոր դրական իրավիճակն առևտրային տարբեր ուղղություններում:
Զարգացումների այս համատեքստում, իհարկե, ունենք հարցադրումների փունջ. օրինակ, որքանո՞վ էին կառավարելի այդ հոսքերը, որքանո՞վ ներառական դրանցից առաջացած արդյունքները, ներառական՝ տնտեսության համար, որքանո՞վ կապիտալիզացվեց երկարաժամկետ արդյունքի ապահովման: Իսկ կապիտալիզացիայի «արդյունքները» մենք տեսնում ենք այսօրվա վիճակագրությունում:
Այս համատեքստում հիշենք նախորդ ժամանակաշրջանում եղած շահարկումները՝ կապված արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մասին: Եթե խոսքը վերաբերում է Չինաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի հոսքերի կտրուկ աճին, ապա նախ հասկանալի է՝ դա ոսկու վերաարտահանմամբ էր պայմանավորված: Կարո՞ղ էր ձևավորված ժամանակավոր «առևտրային խողովակը» կապիտալիզացվել… այսօրվա վիճակագրությունը առնվազն դրա մասին չի վկայում:
Իսկ վիճակագրությունը 67,9 տոկոսանոց անկում արձանագրում է ԱՄԷ-ի հետ ընթացիկ առևտրում, 12,5 տոկոս՝ Չինաստանի:
Ավելին, արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքն ուսումնասիրելիս այսօր ևս, ինչպես և միշտ, մեր առևտրի մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ-ին: Իհարկե չենք կարող չնշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ երկրներին բաժին հասնող առևտուրն է մի փոքր մեծացրել իր մասնաբաժինը, սակայն դա ընդհանուրի մեջ պատկերը չի փոխում:
Եվ վերջում մեկ հանգամանք ևս նշենք, որ եթե նախորդ ժամանակաշրջաններում երբեմն առևտրաշրջանառության առաջատար եռյակում ՌԴ-ն զիջում էր դիրքերն, ապա այսօր կրկին վերականգնել է:
Փաստը. դիվերսիֆիկացիան անհրաժեշտություն է, բայց այսօր մեր հիմնական առևտրային գործընկերոջ դիրքերը շարունակում է ամրապնդել ՌԴ-ն: