Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Լավրովը չի հավատում Փաշինյանի նախագծին

10 Սեպտեմբերի 2025, 19:00

(«Թրամփի ճանապարհին» սպասում է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագի՞րը)

«Ինչպես ասում էր դասականը. «Իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է»։ Այս արտահայտությունը հիանալի կերպով նկարագրում է Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված հայտարարության շուրջ տեղի ունեցողի էությունը, որտեղ ԱՄՆ նախագահը հանդես է գալիս միայն վկայի դերում։

Այս համատեքստում պետք է դիտարկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունը, ով նախօրեին հայտարարել էր, որ դեռ պետք է տեսնել, թե իրականում ինչպես կգործի կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ «Պետք է տեսնել, թե ինչպես այն (Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը -խմբ.) կաշխատի, որովհետև բոլոր այն խանդավառ արձագանքները, որ հնչեցին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին, հետո փոխարինվեցին թերահավատ գնահատականներով, երբ փաստաթուղթը հրապարակվեց։ Եվ, ինչպես պարզվում է, այնտեղ ամենևին էլ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- ասել է Լավրովը։

Ըստ ամենայնի, հենց «շատ բաներ համաձայնեցնելու» համար էլ մոտ ժամանակներս Հայաստան պետք է այցելի ԱՄՆ-ից պատվիրակություն։ «Հայաստանը նախատեսում է մոտ ժամանակներս բանակցություններ անցկացնել ամերիկյան կողմի հետ՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» [TRIPP] ծրագիրն իրականացնելու վերաբերյալ»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Բազմիցս ասվել է, որ օգոստոսի 8-ը Փաշինյանին անհրաժեշտ էր իշխանությունը վերարտադրելու իր հայտը լեգիտիմացնելու համար։ Ազգային ժողովի ընտրություններին մնացել է շատ քիչ ժամանակ, և Փաշինյանին անհրաժեշտ էր որևէ փաստաթուղթ, որով նա կարող էր շրջել բնակավայրերով և քաղաքացիներին խնդրել իրենց ձայնը տալ իրեն։ Այստեղից էլ շտապողականությունը, այստեղից էլ այնպիսի փաստաթղթերի ստորագրումը, որոնց իրականացումը կասկածներ է առաջացնում ինչպես հենց Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Վաշինգտոնում ստորագրված ամենը՝ նախաստորագրված փաստաթղթեր են (սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթը)։ Միակ բացառությունը ԵԱՀԿ-ին ուղղված դիմումն է՝ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները լուծարելու խնդրանքով։ Այլ կերպ ասած, Վաշինգտոնում ստորագրվածը ոչ թե միջպետական պայմանագրեր են՝ հստակ պլանով և իրականացման ժամկետով, այն նույնիսկ բանաձևեր կամ արձանագրություններ չեն…

Ի դեպ, արձանագրությունների մասին։

Օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի շուրջ մեդիա և քարոզչական աղմուկը շատ նման է այն քարոզչական աղմուկին, որը բարձրացել էր 2009 թվականին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման օրերին։ Հիշեցնենք, որ արձանագրությունները բաղկացած էին երկու մասից՝ «Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։ Այս փաստաթղթերը նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ընդհանուր սահմանի բացում, միջկառավարական հանձնաժողովի ստեղծում՝ հարաբերությունների զարգացման ուղիներն ուսումնասիրելու համար, և ենթահանձնաժողովի ստեղծում՝ հայ-թուրքական հարաբերությունների «պատմական հարթությունն» ուսումնասիրելու համար (1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող հանձնաժողով)։ 2009 թվականին անհնար էր նույնիսկ միկրոալիքային վառարանը միացնել և դրանում չտեսնել մի «փորձագետի», ով չէր պատմի «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման առավելությունների» մասին։ Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում։

2010 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը դադարեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։ 2015 թվականի փետրվարին նա հետ կանչեց փաստաթղթերը ԱԺ-ից, իսկ 2018 թվականի մարտին Հայաստանը պաշտոնապես չեղյալ հայտարարեց արձանագրությունները՝ հայտարարելով, որ դրանք «անօգուտ» էին։ Իսկ ինչքա՜ն աղմուկ կար…

Կամ մեկ այլ օրինակ մեր տարածաշրջանից. Թուրքիայում Ռուսաստանի համար գազային հանգույց (գազային հաբ) ստեղծելու գաղափարը ծագեց 2022 թվականի հոկտեմբերին։ Նախաձեռնությունն առաջ քաշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այն պայթյուններից հետո, որոնք շարքից դուրս էին բերել «Հյուսիսային հոսք» գազատարները։ Նախատեսվում էր Սև ծովի հատակով գազատարի լրացուցիչ ճյուղեր կառուցել՝ Թուրքիա գազ մատակարարելու համար։ Այնտեղ՝ ԵՄ հետ սահմանին, պետք է ստեղծվեր գազային հանգույց, առևտրային հարթակ, որտեղ գազը հնարավոր կլիներ վաճառել և գնել։ Սակայն «Գազպրոմ»-ի և մի քանի թուրքական ընկերությունների մակարդակով մի քանի բանակցություններից այն կողմ գործընթացը չգնաց։

Այլ կերպ ասած, նույնիսկ եթե մի կողմ թողնենք «Թրամփի երթուղի» ծրագրի իրատեսական կամ ոչ իրատեսական լինելու հարցը, նույնիսկ եթե մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք այն խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը, թե ոչ, տեղի ունեցողի էությունն այն է, որ բառի բուն իմաստով ՀՀ քաղաքացիներին հիմա «օդ են վաճառում», քանի որ ստորագրված թղթերը չեն նշանակում այս կամ այն ծրագրի իրականացման համար «համաձայնեցված միջպետական բիզնես պլան»։

Մտածե՛ք այդ մասին․․․»։