Լեռնային Ղարաբաղն այժմ «պոտյոմկինյան գյուղեր» է հիշեցնում. եվրապատգամավոր
11 Սեպտեմբերի 2025, 23:20
Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի առաջարկած խաղաղության համաձայնագիրն իսկապես հեղափոխական է տարածաշրջանի համար։
«Իհարկե, կան նաև հետևանքներ, օրինակ՝ հայերի վերադարձի անհնարինությունը, որն, իմ կարծիքով, սարսափելի է։ Բայց, միևնույն ժամանակ, այն կայունացնում է իրավիճակը և, ինչը նույնքան կարևոր է, ԱՄՆ-ին վերադարձնում է տարածաշրջան՝ Ռուսաստանին այնտեղ թողնելու փոխարեն։ Ռուսաստանն այլևս միակ խաղացողը չէ տարածաշրջանում, այժմ կա նաև ԱՄՆ-ն»,- ասել է նա:
Ըստ նրա՝ անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում Դոնալդ Թրամփին, սա այն լավագույն կամ միակ դրական քայլն է, որ նա մինչ օրս արել է՝ տարածաշրջանում ընդդեմ ռուսական ազդեցության արևմտյան աշխարհի լիբերալ ժողովրդավարության հենարան ունենալու համար:
«Սա հատկապես կարևոր է հիմա, երբ Բելառուսն ու Ալիևը, հնարավոր է, շատ հաճախ են շփվում Պուտինի հետ և նմանատիպ նպատակներ են հետապնդում, ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում իսկապես կարևոր է։
Իհարկե, սա չի նվազեցնում այն, ինչ արվել է հայ ժողովրդի հետ, այն փաստը, որ նրանք տեղահանվել են և չեն կարող վերադառնալ։ Ես կապեր ունեմ լրագրողների հետ, որոնց ուղարկել էին Լաչինի միջանցք։ Նրանք տեսան Լեռնային Ղարաբաղը և նրա բնակիչներին։ Դրանք, ըստ էության, այսպես կոչված «պոտյոմկինյան գյուղեր» են։ Նույնիսկ այն ադրբեջանական ընտանիքները, որոնք ի սկզբանե այնտեղ էին ապրում, չեն վերադարձել։ Ոչ ոք իսկապես չի կարող երջանիկ լինել, երբ որոշումները կայացնում է բռնապետը»,- ասել է Գրեգորովան: