Էրդողանի և Ալիևի միջև մարտավարական վեճ՝ Հայաստանի ճակատագրի շուրջ
17 Սեպտեմբերի 2025, 19:10
(Ո՞վ ե՞րբ է տեսնում ՀՀ-ի զրոյացումը)
«Կա մի հարց, որի շուրջ Թուրքիան և Ադրբեջանը միասնական չեն, ու այդ հարցը Նիկոլ Փաշինյանի ապագան և «հայկական պետականության զրոյացման» ռազմավարությունն է։ Ամեն ինչ հերթով քննարկենք։
Նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Երևանում հույս ունեն Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրել սեպտեմբերին։ «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը «խաղաղության պայմանագիրը» կստորագրեն ոչ թե 2026 թվականի առաջին կիսամյակում, այլ 2025 թվականի վերջին կամ 2025 թվականի սեպտեմբերին», — հայտարարել է Ռուբինյանը։
Բայց ինչո՞ւ հանկարծ Ռուբինյանը հայտարարեց 2025 թվականի սեպտեմբերի մասին, ինչո՞ւ նա նշեց 2026 թվականի առաջին կիսամյակը։ Բանն այն է, որ Ռուբինյանն «աջակցեց» Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին, որը օրերս հայտարարել էր՝ Ադրբեջանն ու Հայաստանը «խաղաղության պայմանագիր» կստորագրեն 2026 թվականի առաջին կիսամյակում։ Ըստ նրա՝ հենց որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, Թուրքիան «արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»։
Ֆիդանի հայտարարությունը հակասում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, համաձայն որի՝ «խաղաղության պայմանագիր» կարող է ստորագրվել միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Ավելին, եթե Բաքուն չհրաժարվի իր նախապայմանից, ապա նույնիսկ տեխնիկապես անհնար է, որ Փաշինյանը մինչև 2026 թվականի հունիսը հասցնի սահմանադրական հանրաքվե անցկացնել (ժամկետները սեղմ են), իսկ հետո նաև մասնակցի ԱԺ ընտրություններին։ Ու այստեղ մենք խոսում ենք հարցի տեխնիկական բաղադրիչի մասին, սակայն կա նաև քաղաքական բաղադրիչ. եթե ընտրություններից առաջ հանրաքվե անցկացվի և դրանում պարտություն գրանցվի, ապա հասարակական վերելքի ալիքի վրա կարելի է նաև խայտառակ պարտություն կրել խորհրդարանական ընտրություններում։ Սա չեն կարող չհասկանալ Թուրքիայում, բայց ինչո՞ւ Ֆիդանն այդպիսի հայտարարություն արեց։
Որովհետև Անկարայում տեսնում են, որ նույնիսկ այսպես կոչված «նախաստորագրված խաղաղության պայմանագիրը» Ադրբեջանի հետ չի ամրապնդել Նիկոլ Փաշինյանի դիրքերը (ցանկացած սոցիոլոգիական հարցումների համաձայն, որոնք արվել են օգոստոսի 8-ից հետո, Փաշինյանի վարկանիշի աճը շարունակում է մնալ վիճակագրական սխալի սահմաններին մոտ (3-4 տոկոս))։
Հենց այդ պատճառով է Անկարան ցանկանում, որ «Ալիևն ավելի ճկուն լինի Փաշինյանի հարցում»։ Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն իր ազդեցության տակ առնելով՝ զգալիորեն կնվազեցնի Երևանի կախվածությունը Մոսկվայից, իսկ առանց հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթացի դա անհնար կլինի։ Անկարային կենսականորեն անհրաժեշտ է, որ Փաշինյանը կարողանա վերարտադրվել 2026 թվականին։
Մենք հերթական անգամ ականատեսն ենք դառնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները որոշակի հարցերի շուրջ տարբերվում են (նրանք մինչև հիմա չեն կարողանում որոշել, թե ով է ավելի մեծ դեր խաղացել Արցախի օկուպացիայում՝ Անկարան, թե Բաքուն)։ Համաձայնություն չկա նաև Նիկոլ Փաշինյանի ապագայի հարցում։
Թուրքիային չի անհանգստացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղությունը, նա ոչ այդ պատճառով է ցանկանում, որ պայմանագիրը ստորագրվի 2026 թվականի առաջին կիսամյակում։ Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանն իր ձեռքերով ՀՀ անվտանգության համակարգի քայքայումը հասցնի տրամաբանական ավարտի. դուրս բերի երկիրը ՀԱՊԿ-ից, Հայաստանից դուրս բերի 102-րդ բազան, դուրս բերի ռուս սահմանապահներին, միակողմանիորեն խզի ՌԴ և ՀՀ միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը։ Դրա համար Փաշինյանին անհրաժեշտ է «նոր հնգամյակ»՝ 2026-ից մինչև 2031 թվականը։ Այս ամենից հետո արդեն կարելի է «տաքսիով մտնել Երևան»։
Իսկ Ալիևը, դատելով ամեն ինչից, հավատացել է «թղթի ուժին», և, ինչպես նա հայտարարել է օգոստոսի 8-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո տված հարցազրույցում, Հայաստանի նոր ղեկավարությունը չի ցանկանա փչացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և այդ պատճառով ստիպված կլինի կատարել Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքիայում ավելի թերահավատորեն են վերաբերվում փաստաթղթերին։
Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են, որ հայկական պետականությունը պետք է չեզոքացվի, զրոյացվի, տարբերությունը միայն մարտավարական մոտեցումներում է. Անկարան կարծում է, որ դա կարելի է անել միայն Փաշինյանի ձեռքերով, իսկ Ադրբեջանում կարծում են, որ արդեն Հայաստանին այնպիսի դրության մեջ են դրել, որ ցանկացած ղեկավարություն ստիպված կլինի գնալ Փաշինյանի ճանապարհով։
Հայ ժողովուրդը հիանալի հնարավորություն ունի Ալիևին հակառակն ապացուցելու և այդ կերպ պահպանելու իր պետականությունը՝ միևնույն ժամանակ չհրաժարվելով Բաքվի և Անկարայի հետ կառուցողական բանակցություններից։ Ընտրությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացունն է, և այն կարվի 2026 թվականի հունիսին։
Մտածե՛ք այդ մասին․․․»։