«Ինտերվիդենիա»-ն վերադառնում է Մոսկվա. 23 երկիր և գլխավոր մրցանակը՝ 30 մլն ռուբլի
16 Սեպտեմբերի 2025, 22:30
«Ինտերվիդենիա-2025» միջազգային երաժշտական մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին Մոսկվայում: Երկար դադարից հետո մրցույթը վերսկսվել է Ռուսաստանում և կհյուրընկալի մասնակիցների 23 երկրներից: Ռուսաստանը կներկայացնի հայտնի երգիչ Շամանը (Յարոսլավ Դրոնով)՝ «Прямо по сердцу» երգով։
Մրցույթի նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ինտերվիդենիա»-ի պատրաստմանն ու անցկացմանը, որին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, մրցույթի դիտորդական խորհրդի նախագահ Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն և «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:
Պատասխանելով մրցույթում Հայաստանի ներկայացուցչի բացակայության վերաբերյալ Alpha News-ի հարցին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ, ցավոք, Հայաստանից կատարողներ չեն մասնակցի, թեև Ռուսաստանն ուրախ կլիներ տեսնել նրանց:
«Հարցը, թե ինչու մասնակիցների մեջ հայկական մշակույթի ներկայացուցիչ չկա, մեզ չի վերաբերում։ Մենք ուրախ կլինենք տեսնել բոլորին, այդ թվում, իհարկե, նաև մեր հայ ընկերներին», — ասել է Լավրովը։
Հաղորդումը հեռարձակվելու է «Առաջին ալիք»-ով: Մրցույթի գլխավոր մրցանակն է 30 միլիոն ռուբլի և բյուրեղյա գավաթ:
Մանրամասները՝ տեսանյութում։