Բացի Հայաստանով անցնող միջանցքից, Բաքուն ստանում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքը
14 Հոկտեմբերի 2025, 19:20
(Փաշինյանի աշխարհաքաղաքական կարճատեսությունը)
«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերի վերափոխումը շարունակվում է։ Ադրբեջանին անհրաժեշտ էր «դադար ՌԴ-ի հետ հարաբերություններում», որպեսզի Մոսկվան հնարավորություն չունենար ազդելու 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների վրա, որոնց համաձայն Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց «Զանգեզուրի միջանցքը», որն անվանվեց «Թրամփի ուղի»։ Այդ դադարը նա ստեղծեց՝ օգտվելով Գրոզնիի մոտակայքում ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից (2024 թվականի դեկտեմբերի 25-ին Չեչնիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող օդային տարածքում ռուսական ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով, որը հակազդում էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերին, ադրբեջանական ինքնաթիռը կործանվեց)։ Հայաստանի տարածքով միջանցք ստանալուց հետո Ադրբեջանն անցնում է Հարավային Կովկասի վերափոխման նոր փուլի, որը ենթադրում է Հայաստանը շրջանցող «Հյուսիս-Հարավ» կարևորագույն տրանսպորտային հաղորդակցության իրականացումը։
Հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև, որը նվիրված էր տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության հարցերին։ Հանդիպման ընթացքում Ալեքսեյ Օվերչուկն ընդգծեց, որ կողմերն ակտիվացնում են աշխատանքը՝ Բարենցի և Բալթիկ ծովերից մինչև Պարսից ծոց անարգել լոգիստիկայով ընդհանուր ապրանքային շուկա ձևավորելու ուղղությամբ։ «Կարևոր է համատեղ որոշումների մշակումը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղու զարգացման շրջանակներում փոխադրողների, արտահանողների և ներմուծողների համար հարմարավետ ու անխափան միջավայր ստեղծելու համար»,- շեշտեց Ռուսաստանի փոխվարչապետը։
Հանդիպմանը նշվեց նաև, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևոր բաղկացուցիչ մասը հանդիսացող և Իրանի Աստարա քաղաքում գտնվող Հարավային բեռնային տերմինալի կառուցումը մոտենում է ավարտին։
Հաղորդվում է նաև, որ հոկտեմբերի 14-ին երեք երկրների պատվիրակությունները համատեղ կզննեն «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։ Մի շարք աղբյուրներ նաև հայտնում են, որ Ռեշտ-Աստարա երկաթուղու իրանական հատվածի կառուցման առևտրային պայմանագիրը, որտեղ ռուսական ընկերությունը հանդես է գալիս որպես կապալառու, մոտ է ստորագրման, և դրա ստորագրումը սպասվում է մոտ ժամանակներս։ Սա թույլ կտա անցնել ծրագրի իրականացման փուլին։
Ադրբեջանը, մի կողմից Հայաստանից ստանալով թղթի կտորի վրա դրված ստորագրություն, որը նրան տալիս է «Զանգեզուրի միջանցքը», փորձում է թույլ չտալ տարածաշրջանային խաղացողների կողմից այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտելը։ Զուգահեռ Հայաստանի տարածքով միջանցք բացելու պահանջներին, Ադրբեջանն ակտիվացնում է աշխատանքները «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ուղղությամբ։
Տեղի է ունենում այն, ինչ պետք է աներ պաշտոնական Երևանը՝ նվազեցնել Հայաստանի տարածքով անցնող ծրագրի կոնֆլիկտայնությունը և դա անել՝ ներգրավելով նոր միջազգային դերակատարների։ Բայց դա անում է Ադրբեջանը՝ միաժամանակ չհրաժարվելով ՀՀ-ով միջանցքից։ Ի վերջո, Բաքուն ցանկանում է ստանալ և՛ միջանցք դեպի Նախիջևան, և՛ «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացում՝ շրջանցելով Հայաստանը։
Հայկական Մեղրիով անցնող ճանապարհն առաջին հերթին անհրաժեշտ է Անկարային՝ իր աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու համար, ինչում Թուրքիային այսօր օգնում է Ադրբեջանը։ Իսկ Հայաստանի քաղաքացիներին դա ներկայացվում է որպես մի բան, որն առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ-ին։ Դասականին վերաձևակերպելով՝ կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիներին «սատկած էշի ականջներ են վաճառում»։
Մտածե՛ք այդ մասին․.․»։