Փաշինյանը վախենում է հեղինակավոր ուժից. Սերգեյ Ստանկևիչը՝ Հայաստանում քահանաների ձերբակալությունների մասին
15 Հոկտեմբերի 2025, 21:38
Ռուս քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում քահանաների ձերբակալությունները։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վերջ չավարտելով Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունը և չստորագրելով խաղաղության պայմանագիրը, ինչ-ինչ պատճառներով որոշել է ներքին ճակատ բացել։ Չկայունացնելով արտաքին իրավիճակը, նա, ըստ էության, ներքին քաղաքացիական պատերազմ է սանձազերծում։ Բարեբախտաբար, առայժմ առանց փողոցներում ուղիղ բախումների, բայց իրավիճակն արդեն մոտ է դրան։ Պատճառը կարելի է հասկանալ այսպես. նա վախենում է հեղինակավոր ուժից, որն ունակ է քննադատական դիրքորոշում որդեգրել գործող կառավարության նկատմամբ։
Ավելի վաղ Փաշինյանն արդեն հայտարարել էր եկեղեցին վերահսկողության տակ վերցնելու, ինքնուրույն քահանաներ նշանակելու, ղեկավարությունը փոխելու մտադրության մասին։ Կարծես թե, նա հիմա որոշել է իրականացնել այդ ծրագիրը։ Հուսով եմ՝ դա այդպես չէ, քանի որ վարչապետի իրական մտադրություններն առայժմ անհայտ են. դրանք կպարզվեն իրադարձությունների ընթացքից»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ եթե Փաշինյանը որոշել է պետության ուժերով իր վերահսկողությանը ենթարկել եկեղեցու ինստիտուտը, դա կլինի Հայաստանի կայունությանը սպառնացող ամենավտանգավոր շրջադարձը:
«Բայց եթե նա իսկապես որոշել է պետական ուժերով փոխել եկեղեցու ղեկավարությունը և այդ ինստիտուտն իր վերահսկողության տակ առնել, դա կդառնա ամենավտանգավոր շրջադարձը, որը սպառնում է Հայաստանի կայունությանը։ Ընդ որում, սպառնալիքը կլինի համակարգային և երկարատև։ Նույնիսկ եթե առաջին փուլում Փաշինյանին հաջողվի հատուկ ծառայությունների և ոստիկանության օգնությամբ հաղթանակ տանել, դա բոլորովին չի նշանակի հաղթանակ, ընդհակառակը, կարող է հանգեցնել երկարատև քաղաքացիական առճակատման։ Մնում է միայն հուսալ, որ կառավարությունն այնուամենայնիվ հնարավորություն կգտնի մտնել նորմալ, հարգալից երկխոսության մեջ եկեղեցու հետ և գտնել լուծում, որը չի ենթադրում կոպիտ վարչական բռնություն»,- ասել է Ստանկևիչը։