«Աշխարհակարգ 2.0». Իվան Տիմոֆեև
18 Հոկտեմբերի 2025, 21:10
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նոր նախագիծը: Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը (ՌՄԳԽ, «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի ծրագրային տնօրեն):
Իվան Տիմոֆեևը հարցազրույցում վերլուծում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության փոփոխությունները Ռուսաստանի հետ Արևմուտքի հակամարտության և ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության ֆոնին: Նա բարձրացնում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ուղղակի ռազմական բախման հավանականության հարցը՝ նշելով, որ Վաշինգտոնի կողմից ակտիվորեն կիրառվող պատժամիջոցները քիչ արդյունավետ են խոշոր տերությունների դեմ: Դա, նրա կարծիքով, երկրներին դրդում է այլընտրանքներ փնտրել դոլարին և SWIFT համակարգին, թեև հեղափոխական փոփոխություններ դեռևս չկան. պետությունների մեծ մասը նախընտրում է պահուստների զգուշավոր դիվերսիֆիկացիան:
Տիմոֆեևը նաև բացատրում է, թե ինչու Ռուսաստանը և Չինաստանը, չնայած ԱՄՆ-ի կողմից ընդհանուր մարտահրավերին, չեն ձգտում ֆորմալ դաշինքի՝ ընտրելով պրագմատիկ համագործակցություն և ռազմավարական ինքնավարություն:
Հետխորհրդային տարածքի և Հայաստանի վերաբերյալ նա ընդգծում է, որ Մոսկվայի նպատակը ոչ թե «ԽՍՀՄ 2.0»-ն է, այլ իր սահմանների մոտ կայուն և բարեկամական միջավայրի ստեղծումը:
«Ակնկալիքները, որ դոլարը պատրաստվում է փլուզվել, չափազանցված են։ Համաշխարհային մեծամասնության երկրները զգուշավոր են գործում. չեն գովազդում, բայց Ռուսաստանին նայելով՝ հանգիստ ապահովագրում են իրենց ռիսկերը՝ «նրա տեղը կարող էի ես լինեի», ինչպես «Ադամանդե ձեռքում»: Չնայած բարձրաձայն հայտարարություններ չկան, բայց դիվերսիֆիկացիան շարունակվում է:
Չինաստանն ու Հնդկաստանը Արևմուտքի դեմ չեն հանդես գալիս. նրանց ձեռնտու է գլոբալացված համակարգը, դոլարը հարմար է և էժան։ Ազգային արժույթներին անցումը քաղաքականապես ճիշտ է, բայց տնտեսապես շահավետ չէ, ուստի շտապողականություն չկա։ Սակայն որքան շատ է քաղաքականացումը, այնքան ավելի ակտիվ է դիվերսիֆիկացիան։ Նման գործընթացները սահուն չեն ընթանում՝ ամեն ինչ կուտակվում է, իսկ հետո գալիս է «սև հինգշաբթին»։ Քաղաքականության մեջ նույնն է՝ լճնշումն աճում է, ինչպես սենյակում եղած գազը, և բավական է միայն մեկ լուցկին»,- հայտարարել է Տիմոֆեևը։