Փաշինյանը սպառնում է պատերազմո՞վ
28 Հոկտեմբերի 2025, 19:00
(Բայց ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ժողովրդին)
«Որքան մոտ են ընտրություններն, այնքան «բարձր են խաղադրույքները»։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ինչպես այլ կերպ բացատրել, որ ՀՀ քաղաքացիներին սպառնացել են պատերազմով։ «Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրությունները, և այդ ընտրություններն, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է: Հակառակը, Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ։
Բացահայտելով Փաշինյանի ուղերձի իմաստը պետք է նշել, որ այսօր ԱԺ-ում նա սպառնում էր պատերազմով, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ Հայաստանի ժողովրդին և ասում էր, որ «եթե 2026 թվականին ինքը չվերարտադրի իր իշխանությունը, ապա նորից պատերազմ կլինի»։ Եկեք վերլուծենք Փաշինյանի այս ուղերձը։
Առաջին. եթե Հայաստանը ֆորպոստ էր, առավել ևս «պատերազմի համար պահվող» նման ֆորպոստ, ապա ինչպե՞ս Փաշինյանը եկավ իշխանության 2018 թվականին։ Ֆորպոստում նմանատիպ գործընթացներ չեն կարող լինել։ Փաշինյանն ի սկզբանե մանիպուլացնում է հասարակական գիտակցությունը։
Երկրորդ. Փաստն այն է, որ այնքան պատերազմներ, որքան Փաշինյանը բերեց 7 տարվա ընթացքում, ոչ մի իշխանություն չի բերել (2020 թվականի հունիսյան մարտերը Տավուշում, 2020 թվականի 44-օրյա պատերազմը, 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ի պատերազմը Ջերմուկի մոտ, Արցախի էթնիկ զտումը 2023 թվականին)։ Փաշինյանը պնդում է, որ այս ամենն իր սխալների և «հայրենասիրության սխալ ընկալման» պտուղն է։ Արդյոք կա քաղաքական երաշխիք, որ մշտական զիջումների Փաշինյանի ներկայիս քաղաքականությունը ճիշտ դիրքորոշում է, որը կարող է ապահովել անվտանգություն։ Արդյոք Փաշինյանը ստեղծել է զսպումների և հակակշիռների գործիք, որը թույլ կտա խուսափել նոր սխալից։ Հարցը պատասխան չի պահանջում այն իրավիճակում, երբ Փաշինյանը հայտարարում է, որ «կառավարությունը ես եմ»։
Երրորդ. Նիկոլ Փաշինյանի փաստարկը, թե «Ադրբեջանը մեկ տարուց ավելի է չի կրակում», նույնպես մանիպուլյացիոն է։ ԼՂՀ-ում 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանը նույնպես երկար ժամանակ չէր կրակում (որով, ի դեպ, Փաշինյանը պարծենում էր իր մամուլի ասուլիսներում)։ Բաքուն չէր կրակում, քանի որ պատրաստվում էր մարտական գործողությունների։ Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը հիմա։ Վերազինում է բանակը, այդ թվում արդեն ամերիկյան և բրիտանական զենքի հաշվին (ԱՄՆ-ը օգոստոսի 8-ին չեղարկեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը արգելում էր ամերիկյան զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում էլ հայտարարեցին Երևանին և Բաքվին բրիտանական զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման մասին), ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Համապատասխանաբար, այն հայտարարությունը, որ «արդեն երկար ժամանակ է չեն կրակում», փորձով ապացուցված է, որ անվտանգության երաշխիք չէ։
Չորրորդ. Ադրբեջանն ու Թուրքիան կարող են սպասել, որ Հայաստանն իր ձեռքերով, իր քաղաքական քայլերով, ոչնչացնի անվտանգության համակարգը՝ դուրս գա ՀԱՊԿ-ից, դուրս բերի ՌԴ 102-րդ ռազմաբազան և սահմանապահներին այն պատրվակով, թե իբր տարածաշրջանի երկրների միջև խաղաղություն է հաստատված, և այդ պատճառով սահմանին երրորդ ուժերի ներկայության կարիք չկա, ընկղմվի Բաքվից և Անկարայից տնտեսական կախվածության մեջ, ինչը թույլ կտա տնտեսական լծակները վերածել քաղաքական ճնշման լծակների։ Եվ Հայաստանի իշխանությունները շարժվում են հենց այս ուղղությամբ (Քրեական գործը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ՝ հանուն քաղաքական դիրքորոշման, որ ավելի լավ է միանալ Միութենական պետությանը, քան Թուրքիային, նույնպես վկայում է այդ մասին)։
Ի վերջո, մենք ունենք մի իրավիճակ, երբ եթե 2026 թվականին Փաշինյանը վերարտադրի իր իշխանությունը, ապա անկախության ձեռքբերման օրվանից ձևավորված անվտանգության համակարգի վերջնական կոտրումը կհասցվի ավարտին։ Դրանից հետո այլևս գոյություն չեն ունենա զսպող գործոններ, որոնք թույլ չեն տա Թուրքիային և Ադրբեջանին «Հայաստանը աքցանների մեջ առնել»։
Այսպիսով, 2026 թվականին, եթե իշխանությունը վերարտադրվի, դա կհանգեցնի պետականության լուծարմանը։ Ամբողջ հարցը կլինի միայն ժամկետների մեջ՝ ինչպես և երբ դա տեղի կունենա։
Մտածե՛ք այդ մասին․.․»։