Դուբայի իշխանությունները կրկին արգելել են հայկական ինքնաթիռի վայրէջքը․ ինքնաթիռը վերադառնում է Երևան
11 Մայիսի 2023, 19:15
Դուբայի իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել է, հիմա 37 հոգու տեղափոխող ինքնաթիռը Երևան վերադարձի ճանապարհին է, մի քանի ժամից կլինի այստեղ»,- նշել է Անանյանը։
Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։
«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք և փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասել է Արամ Անանյանը։