Ալիևը Պուտինի մեջ է տեսնում իր իշխանությանը սպառնացող վտանգ
30 Հոկտեմբերի 2025, 12:00
(Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը նման են միմյանց նաև այս հարցում)
«Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Հարցը պարապ չէ. Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների իրողություններից է մեծապես կախված Հարավային Կովկասի անվտանգության ոլորտում ռիսկերը կառավարելու հնարավորությունը։
Հենց այդ հարցն է այսօր մեկնաբանել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը բարձր է գնահատում երկկողմ հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում։ Դա շատ կարևոր հանդիպում էր այն տեսակետից, որ մենք միասին շրջենք այդ էջը (ճգնաժամը, որն առաջացել էր ՌԴ երկնքում ադրբեջանական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո-խմբ.) մեր երկկողմ հարաբերություններում։ Հիմա քրտնաջան աշխատանք է ընթանում։ Նախագահը բարձրացրել է այդքան զգայուն բոլոր հարցերը, դրանք բարձրացվում են աշխատանքային մակարդակով»,- հայտարարել է Պեսկովը։
Առաջին հայացքից Պեսկովի հայտարարությունն արտացոլում է Մոսկվայի և Բաքվի «հարաբերություններում ջերմացման» գործընթացի սկիզբը, մինչդեռ իրադարձությունների ավելի մանրամասն դիտարկումը հուշում է, որ, առնվազն, վաղաժամ է հայտարարություններ անել երկու պետությունների հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին։
Մի կողմից, մենք ունենք իրավիճակ, որում և՛ Մոսկվան, և՛ Բաքուն գնացել են «երկկողմ հարաբերություններում մթնոլորտը բարելավելու» կիսաքայլերի. Ադրբեջանում ազատ են արձակվել ռուսական պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը և գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, իսկ Ռուսաստանում ազատ են արձակվել Վորոնեժի ադրբեջանական սփյուռքի առաջնորդները՝ խոշոր գործարար Յուսիֆ Խալիլովը և «Սատիրայի թատրոնի» նախկին տնօրեն Մամեդալի Աղաևը։ Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն հրաժարվում են ազատ արձակել պատանդ վերցված մյուս ռուս քաղաքացիներին (խոսքը ձերբակալված ՏՏ ոլորտի ռուս ներկայացուցիչների մասին է), այլև փաստացի մեղադրում են Մոսկվային պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։
Ադրբեջանի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհտիևի (պաշտոնը զբաղեցրել է 1995-2019 թթ.) կողմից պետական հեղաշրջման նախապատրաստման մասին լուրերն ակտիվորեն սկսեցին քննարկվել ԶԼՄ-ներում 2025 թվականի հոկտեմբերի վերջին՝ Պուտին-Ալիև հանդիպումից հետո։ 87-ամյա ակադեմիկոսի դեմ մեղադրանքներ են առաջադրվել «պետական դավաճանության» և «իշխանության բռնի զավթման» մեղադրանքներով։ Ենթադրյալ դավադրության կենտրոնական տարրը մամուլում հրապարակված նամակն էր, որը Մեհտիևը, իբր, ուղարկել էր Ռուսաստան՝ վերնագրված «Առաջարկություններ պետական կառավարման վերափոխումների վերաբերյալ»։ Մեղադրողները պնդում էին, որ նամակը պարունակում էր 50 հոգուց բաղկացած «Պետական խորհուրդ» ստեղծելու ծրագիր, որը պետք է դառնար իշխանության այլընտրանքային կենտրոն:
Տեղի ունեցողը ոչ միայն գործող ղեկավարության քայլն է՝ ուղղված հին քաղաքական վերնախավի վերջին ազդեցիկ տարրերի վերացմանը, որը մարմնավորում էր Մեհտիևը, և որին Ալիևը պարտական է իր իշխանությամբ, այլ նաև քայլ՝ ուղղված Մոսկվայից հեռանալուն՝ Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների բորբոքմամբ։
Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Իլհամ Ալիևն իրենց լեգիտիմության արտաքին հենարանը տեսնում են Թուրքիայում, իսկ իշխանությանը սպառնալիքը՝ ՌԴ-ից։ Ակնհայտ է նաև, որ Մոսկվայի և Բաքվի միջև խորքային հակասությունները չեն վերացել։ Պարզապես «փչացնելով ՌԴ-ի դեմ նախորդ հիստերիայի ալիքը»՝ Ալիևը և Փաշինյանը մեկնել են Վաշինգտոն՝ «սպիտակ պարոնին»՝ Դոնալդ Թրամփին «հարգանքի տուրք մատուցելու», դա համարելով լավագույն պահը, երբ ՌԴ-ն չի կարող ազդել տարածաշրջանային իրողությունների վրա։ Ալիևը, Արցախի բռնակցումից հետո, կարծում է, որ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշելիս այլևս կարիք չունի հետադարձ հայացք նետելու դեպի Մոսկվա կամ Թեհրան, իսկ կարճատև հակաիրանական կամ հակառուսական քարոզարշավներով կարող է անհրաժեշտ պահին «անջատել գործընթացներից» Թեհրանին և Մոսկվային։ Դա, իր հերթին, ապացուցում է, որ հակառուսական կամ հակաիրանական հիստերիայի հաջորդ փուլը ժամանակագրվելու է հայ-ադրբեջանական գործընթացի զարգացումների նոր փուլին։
Ապագայում Ալիևի նոր էմոցիոնալ ելույթները ՌԴ-ի և Իրանի հասցեին պետք է լինեն ազդանշան ՀՀ քաղաքացիների համար, որ անվտանգության նոր ճգնաժամ է մոտենում։ Ինչ վերաբերում է Բաքվի և Մոսկվայի հակասություններին, ապա ամենահիմնարար պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցաբար (ընդ որում՝ դեռ 2014 թվականից) զրկում է իրեն ինքնիշխանությունից՝ ինտեգրվելով ոչ միայն ՆԱՏՕ-ի կառույցներին, այլև Թուրան նախագծին, որը սպառնում է թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին և, իհարկե, Հայաստանին։ Թուրանական դաշտում չեն կարող լինել քրիստոնյա պետություններ կամ ժողովուրդներ…
Այլ հավասար պայմաններում Երևանը կարող էր Թեհրանի և Մոսկվայի հետ միասին դիմակայել այս համատեղ սպառնալիքին, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց ինտեգրվել թուրանական ճամբարին՝ առանց ՀՀ անվտանգության երաշխիքների, ինչով մոտեցրեց Հայաստանի համար հերթական էկզիստենցիալ ճգնաժամը։
Մտածե՛ք այդ մասին․.․»։