Այս «խաղաղության» գործընթացը ժամանակավոր հրադադար է, սա խաղաղություն չէ ժողովուրդների միջև. Պողոսյան
06 Նոյեմբերի 2025, 20:00
Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ այսպես կոչված խաղաղության գործընթացը ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների ու պետությունների միջև է, այլ իշխող էլիտաների:
«Այն պահին, երբ իշխող էլիտաների միջև կփոխվի վարքաբանական կամ քաղաքական որևէ մոտեցում, այլ քաղաքական առաջնահերթություն, մենք կտեսնենք այդ այսպես կոչված խաղաղության գործընթացի տապալումը, որովհետև սա ի սկզբանե չդարձավ ժողովուրդների միջև երկխոսությամբ հասցված խաղաղություն: Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց են տալիս, թե իրենք ինչ նպատակ ունեն: Եկեք այս «խաղաղության» գործընթացն անվանենք ժամանակավոր հրադադար, որտեղ շահեր ունեն ոչ թե ուղղակի ժողովուրդները, այլ իշխող էլիտաները»,- ասաց Արա Պողոսյանը:
Նրա խոսքով, ժողովուրդների միջև հաստատված խաղաղության մասին խոսել հնարավոր չէ, քանի որ այդ դեպքում կսկսվեր խաղաղության վերաբերյալ հանրային երկխոսություն, ինչն ըստ քաղաքագետի՝ բացակայում է: Այն, որ Հայաստան են գալիս Ադրբեջանի քաղհասարկության ներկայացուցիչներ, կամ էլ առաջիկայում Հայաստանից են գնալու այդ երկիր, քաղաքագետը դա ժողովուրդների միջև երկխոսություն չի համարում:
«Ովքե՞ր են այն քաղհասարակության ներկայացուցիչները, արդյոք նրանք ներկայացնում են հասարակության լայն շերտերը, ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական հասարակությունները միաշերտ չեն, եթե այդպես լիներ, բոլորս միևնույն գաղափարների, հայացքների, ապագայի ու անցյալի նկատմամբ նույն վերաբերմունքի կրողները լինեինք, ապա սա նորմալ կլիներ, որ մի քանի պատահական մարդիկ կարող էին ներկայացնել բոլորիս տեսակետները, բայց թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից ընտրված են մարդիկ, որոնք իշխանությունների կցորդն են կամ մերձիշխանական շրջանակներից են, նրանք որևէ պարագայում հակառակ կարծիք չեն գեներացնում: Հետևաբար, այս մարդիկ չեն կարող ներկայացնել այն մարդկանց, որոնց կարծիքը տարբերվում է իշխանության պատկերացրած խաղաղությունից, Հայաստանի ապագայի տեսլականից»,- ասաց Արա Պողոսյանը: